Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին կբացվի Կարսի անկման օրը

    • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 23:41
Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացումը, որը բազմիցս հետաձգվել է, որոշվել է անցկացնել հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկման օրը: Հնարավոր է, սա Հայաստանին «կծելու» Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջին փորձն է, որովհետեւ երկաթուղու բացումից հետո հազիվ թե դա հաջողվի անել:

Հայաստանը Վրաստանին կապված է երկաթուղով, եւ ինչպես նշում են վրացի պաշտոնյաները, Թբիլիսին կարող է միայն ողջունել Վրաստանում նոր ենթակառուցվածքների օգտագործումը հարեւան երկրների կողմից: Չի կարող լինել մեխանիզմ, որը կարգելի հայկական բեռների փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով:

Ամենահետաքրքիրն այն է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիայում փոխվել է երկաթուղային լոգիստիկան: Բոսֆորի նեղուցի տակով երկաթգիծ է անցկացվել, որն Ասիան կապում է Եվրոպային: Բացի այդ, ավարտվել է Կարսից Էրզրում եւ ապա Ստամբուլ երկաթուղու շինարարությունը:

2013 թվականից՝ Բոսֆորի տակով երկաթուղու կառուցումից հետո, բեռները Թուրքիայից կարող են ազատ հասնել Լոնդոն: Դա նշանակում է, որ Բաքու-Կարս ճանապարհի բացումից հետո Լոնդոն կարող են հասնել Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի բեռները: Ի դեպ, վերջերս Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը այցելել էր Հայաստան եւ հայտարարել, որ իր երկիրը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրքիան Օսմանյան կայսրության փլուզումից եւ հանրապետության ձեւավորումից հետո 100 տարիների ընթացքում Հարավային Կովկասին կապված էր միայն Կարս-Գյումրի ճանապարհով: Այդ ճանապարհը փակվել է 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո: Թուրքիան, որը մինչեւ հիմա երկաթուղային կապ չունի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ամբողջովին մեկուսացված է Կովկասից:

Այժմ իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Թուրքիայով Հարավային Կովկասի լոգիստիկ միացումը Եվրապային կարող է շատ բան փոխել տարածաշրջանային քաղաքականությունում:

Ամենաընթերցվածը