Կատալոնիան շարունակելու է անկախության ուղով, սակայն առկախում է դրա հռչակումը. Կատալոնիայի առաջնորդ

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 22:43
Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պուչդեմոնը շեշտեց, որ այս պահը պատմական է Կատալոնիայի համար:

«Քվեատուփն ասել է «այո» անկախությանը, և դա է այն կամքը, որով ես առաջ եմ շարժվելու: Ես ցանկանում եմ հետևել Կատալոնիայի ժողովրդի կամքին, իսկ դա անկախ պետություն դառնալն է: Այսօր ես ստանձնում եմ Կատալոնիայի՝ հանրապետական կառավարման ձևով անկախ պետություն դառնալու մանդատը»,- հայտարարեց Պուչդեմոնը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ վերջին շրջանում երկխոսության և բանակցությունների կոչեր են հնչել աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ առաջնորդների, Նոբելյան մրցանակակիրների և այլ հարգարժան անձանց կողմից, և այդ կոչերը պետք է հարգվեն:

«Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենք խելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը:

2017թ-ին հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 43 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախությանը: Մադրիդը չի ճանաչել հանրաքվեի փաստն ու արդյունքները:

Ամենաընթերցվածը