Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 19:53
Ստրասբուրգում այսօր հայտարարել է Նաիրա  Զոհրաբյանը

ԵԽԽՎ լիագումար նիստը այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների եւ կոռուպմացված պատգամավորների գործունեությունը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին, նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն  առաջարկել է նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել եւ նշանակել նոր զեկուցողներ։

 

Հարգարժան խորհրդարան,

Մեր գործընկեր Լիդլ-Գրեյնջերի զեկույցը ես համարում եմ վերջին տարիների ամենահրատապներից մեկը։ Ես ցավում եմ, որ մենք ստիպված ենք ժողովրդավարության այս ամբիոնում քննարկել կոռուպցիայի, կոռումպացված լոբբիստների եւ բարոյականության ու էթիկայի հետ լրջուգույն խնդիրներ ունեցողների ձեռքը օրենքով բռնելու հարցը, սակայն սա է իրականությունն ու համաեվրոպական վերջին կոռուպցիոն սկանդալը՝ 3 միլիարդ դոլարի սեւ լվացքի, դրա  ուղղակի ապացույցն է։ Այո, հարգարժան զեկուցող, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ մեր Վեհաժողովի ներկա եւ նախկին անդամների հետ կապված կոռուպցիոն հայտարարությունները կասկածի տակ են դնում Վեհաժողովի հեղինակությունը։ Ավելին, այս կամ այն երկրի դոլարային թմրասեղին նստած բազմաթիվ գործիչների թեթեւ ձեռքով մեր Վեհաժողովում ընդունվում կամ տապալվում են զեկույցներ՝ կախված նավթադոլարային պատվիրատուի  քաղաքական ճաշակից։ Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը

Այո, մենք պետք է մեր Վեհաժողովում խստագույնս կանոնակարգենք նաեւ, այսպես կոչված, «ազատ ստեղծագործողի» կարգավիճակ ունեցող լոբբիստների աշխատանքը, ովքեր որոշակի  կարգավիճակ ստանալով մեր Վեհաժողովում, լծվում են Եվրոպայի Խորհրդի փտախտ հանդիսացող  վարչակարգերի լոբբինգին, աշխատելով ընդդեմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների։ Նմանօրինակ  վարձկան-լեգիոներներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ, այսօր հայտնի սկանդալային լվացքի եւ խավիարային դիվանագիտության ակտիվ դերակատարներից են, եւ նրանց մուտքը Վեհաժողով  պետք է արգելվի։

Հարգելի գործընկերներ, կանոնադրական այն փոփոխությունները, որ առաջարկում է զեկուցողը՝ կոռուպցիոներների եւ լոբբիստների դոլարային թթվածինը փակելու համար, իհարկե, ընդունելի են։ Այն, ինչ առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի «ԳՐԵԿՈ» խումբը եւս, միանշանակ պետք է ընդունել։ Չնայած  ես չեմ  հավատում սեփական խիղճը վաճառքի հանածի բարոյական վերափոխմանը, ինչպես դժվար եմ հավատում, որ նավթային կռապաշտը կարող է երբեւէ պաշտպանել արդարությունը, սակայն առաջարկվող բոլոր մեխանիզմները՝ բռնելու կոռուպցիայի թմրասեղի վրա նստածի ձեռքը, պետք է ընդունել։ 

Ես առաջարկում եմ նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել եւ նշանակել նոր զեկուցողներ։

Հարգելի գործընկերներ, անկախ դատավորներից կազմված հետաքննող մարմինը, որն իր հաշվետվությունը Վեհաժողովին կներկայացնի այս տարվա ավարտին, լուրջ աշխատանք ունի անելու։ Հարցի արժեքը շատ բարձր է. մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը վերածվի շուկայի, որտեղ ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել։ 

Ամենաընթերցվածը