Հայաստանի ու Ռուսաստանի երկու «բախումը» Եվրոպայում

    • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 18:31
ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ կապերի ու սկանդալների պատճառով, որոնք երկար տարիներ աջակցում ու կերակրում էին նրան եւ ԵԽԽՎ շատ պատգամավորների: Հայաստանը հետեւողական աշխատել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար եւ «ակամա» նպաստել է, որ նաեւ ռուսական շահերի լոբբինգ անող քաղաքական գործիչները հեռացվեն:

Այժմ Ռուսաստանն ու Ադրբեջանն ամեն մեկն իր հերթին սպառնում են դուրս գալ ԵԽԽՎ-ից: Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին՝ եթե ԵԽԽՎ-ում իր ձայնը չվերականգնվի, ապա կդադարի անդամավճար վճարել Եվրոպայի խորհրդին (միլիոնավոր դոլարներ) եւ չի ճանաչի ԵԽԽՎ ղեկավարի ընտրությունները:

Ադրբեջանը նույնպես նախագահի մակարդակով հայտարարում է, որ եթե երկիրը դուրս գա Եվրոպայի խորհրդից, Ադրբեջանը դրանից ոչինչ չի կորցնի: Ակնառու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերի ու քաղաքականության լիարժեք համընկնումն այս հարցում:

Նույնանման վիճակ է ստեղծվել մեկ այլ միջազգային կազմակերպությունում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ այժմ ղեկավար են ընտրում: Երեկ կայացել է առաջին քվեարկությունը, եւ Ադրբեջանի թեկնածուն՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ընդամենը երկու ձայն է ստացել: Այդ ձայներից մեկը Ռուսաստանն է տվել, որն ավելի վաղ հայտարարել է նրա թեկնածությունը սատարելու մասին:

Ռուսաստանն ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում շատ հարցերում համերաշխություն են ցուցաբերում: Հայաստանը հայտնվում է բարիկադների հակառակ կողմում՝ չնայած Ռուսաստանն ու Հայաստանը պարբերաբար խորհդակցություններ են անցկացնում միջազգային կառույցներում համաձայնեցված աշխատանքի շուրջ:

Այս պարադոքսը Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի բնական հակասությունների հետեւանքն է, որի մասին երկրների ղեկավարությունները փորձում են չխոսել: Պեդրո Ագրամունտն այդ հակասությունների կենդանի խորհրդանիշն է:

Ամենաընթերցվածը