ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 17:41

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Նրա օգտին քվեարկել է 132,իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: Մինչ այս ԵԽԽՎ նախագահի ընտրության երկու փուլ էր անցկացվել: Առաջին երկու փուլերում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ` չնայած Կիպրոսի ներկայացուցիչը երկու դեպքում էլ ավելի շատ ձայներ է ստացել: Երրորդ փուլն անցկացվել է ձայների պարզ մեծամասնության սկզբունքով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ստելլա Կիրիակիդեսը:  Նա կպաշտոնավարի մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը:

ԵԽԽՎ-ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելլա Կիրյակիդիսը, չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: 

«Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելլա Կիրյակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս», գրել է Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը