Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է Արցախի անկախությունը սատարող բանաձևը

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 17:36
Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը սատարող բանաձևի ընդունումը: Այս մասին նշված է բարեկամության շրջանակի տարածած հաղորդագրության մեջ։ Բանաձևի ընդունումը հատկապես կարևորվում է այն առումով, որ այն «հստակորեն կապում է ժողովրդի և նրա ժողովրդավարական ինստիտուտների օրինական ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հետ»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Միչիգանի նահանգի, մասնավորապես՝ բանաձևի հեղինակ սենատոր Քնեզեկի որոշիչ ներդրումը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի առաջ մղման գործում։

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը կարևորել է Միչիգանի Սենատի բանաձևի անդրադարձն այն անարդարություններին ու ճնշումներին, որոնց բախվել է Արցախը դեռ Ստալինի ժամանակներից ի վեր։Իր խոսքում նա շեշտել է, որ այս նոր ճանաչումը վկայում է Արցախի անկախության անշրջելիության մասին և ճանապարհ է հարթում դեպի միջազգային ճանաչում:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Ամենաընթերցվածը