Ռուսաստանը Հայաստանի զորավարժություններում կփորձարկի՞ հիբրիդային տեխնոլոգիաներ

    • Քաղաքականություն - 07 Հոկտեմբերի 2017, 18:27
Մոսկվան, հավանաբար, կանգնած է ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ Լատվիայում բջջային կապի խափանումների հետեւում: Խափանումները կարող են կապված լինել կիբերհարձակման միջոցների փորձարկման հետ, կարծում են ՆԱՏՕ-ում եւ Բալթյան երկրներում՝ հիմնվելով զորավարժություններից ստացված առաջին հետախուզական տվյալներին: Ռուսաստանի հարեւան ՆԱՏՕ-ի անդամ երկրներում զինվորականները բողոքել են կապի խափանումներից:

Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ են սկսվել, որին առաջին անգամ մասնակցելու է հայ-ռուսական միացյալ զորախումբը: Այդ զորախմբում են ընդգրկված 102-րդ ռուսական բազան եւ Հայաստանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսը:

Հայաստանի զորավարժություններում ի՞նչ մեթոդներ են փորձարկվելու: Հայաստանին ամենամոտ ՆԱՏՕ-ի երկիրը Թուրքիան է, սակայն Ռուսաստանը հազիվ թե իր նոր տեխնոլոգիաները փորձարկի Թուրքիայի վրա: Չնայած Էդուարդ Շարմազանովի աղմկոտ հայտարարությանը, որ ՀԱՊԿ այլընտրանքը Թուրքիան է, Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում բավական սերտ գործակցության մեջ են:

Հնարավո՞ր է, նոր տեխնոլոգիաները փորձարկվեն Վրաստանի դեմ, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Թբիլիսիից լուրեր կստացվե՞ն էլեկտրամատակարարման կամ այլ ծառայությունների խափանման մասին:

Նոր հիբրիդային տեխնոլոգիաները դառնում են մեր իրողությունների մասը: ԱՄՆ-ն վերջերս Կուբայի դեսպանատան տասնյակ աշխատակիցների է վտարել, երբ պարզվել է, որ Ազատության կղզում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները ձայնային հարձակման են ենթարկվել: Տասնյակ մարդիկ ուղեղի ցնցում են ստացել եւ զրկվել լսողությունից: Կուբան հերքում է իր մասնակցությունը հարձակումներին, սակայն ԱՄՆ-ն պահանջում է, որ այդ դեպքում Հավանան նշի մեղավորներին: Բնականաբար, կասկածում են Ռուսաստանին:

Ռուսաստանը նույնպես հիբրիդային հարձակման է ենթարկվել: Մոսկվայում եւ ողջ Ռուսաստանում ամեն օր զանգեր են ստացվում ռումբերի մասին: Միայն երեկ Մոսկվայում ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել: Ռումբեր չեն գտնվում, սակայն փողեր են ծախսվում, իսկ ուշադրությունը բթանում է:

Ամենաընթերցվածը