Ոստիկանությունն անցավ ժողովրդի կողմը. Իշխանությունը պարտվեց

  • Քաղաքականություն - 01 Հոկտեմբերի 2017, 21:31
Կատալոնիայում անկախության հանրաքվեի քվեարկությունը պաշտոնական Մադրիդը համարում է անօրինական, քանի որ դա արգելված է երկրի սահմանադրությամբ, եւ ոստիկանությանը հրահանգել է ոստիկանությանը առգրավել քվեաթերթիկներն ու քվեատուփերը:

Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելու որոշումը: Մադրիդը Կատալոնիա է ուղարկել Քաղաքացիական գվարդիայի եւ ազգային ոստիկանության ուժեր, որոնք առավոտից փորձում են խոչընդոտել քվեարկությունը, փակել ընտրատեղամասերը եւ այլն:

Իսպանիայի ոստիկանության գործողությունները քիչ ինչ հիշեցնում են Հայաստանի ոստիկանության գործողությունները ընտրությունների ժամանակ: Մի տարբերությամբ, որ Հայաստանում այդ գործողությունները կատարում է խաժամուժը, իսկ ոստիկանությունը ոչ միայն աչք է փակում, այլեւ աջակցում է նրա: Իսպանիայի ոստիկանությունը գործում էր ըստ Սահմանադրության պահանջի, իսկ հայկական ոստիկանությունը կատարում է իշխանության անօրինական հրահանգները:

Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել օրինական հրահանգը՝ դեմ չգնալով սեփական ժողովրդի ազատ կամարտահայտությանը, ինչպիսին էլ այն լինի:

Թե ինչ արդյունք ու հետագա ընթացք կունենա Կատալոնիայի հանրաքվեն՝ ցույց կտա ժամանակը: Բայց կատարվել է ամենաէականը՝ տեղական ոստիկանությունը չի կատարել երկրի Գերագույն դատարանի հրահանգը: Դա արդեն լիովին այլ իրավիճակ է եւ նշանակում է Իսպանիայից Կատալոնիայի հեռացման որոշակի անշրջելի հանգրվան:

Տեղական ոստիկանության քայլը Կատալոնիայի հաղթանակն էր, քանի որ դա նշանակում է ժողովրդի կամարտահայտության լիովին այլ մակարդակ ու լեգիտիմություն: Անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կզարգանան հետագա իրադարձությունները:

Հայկական բոլոր ժամանակների ընդդիմություններն ունեցել են մի խիստ հետաքրքիր հատկություն՝ նրանք իրենց ընդդիմադիր լինելն ապացուցելու համար բախումների են գնացել ոստիկանության հետ: Մինչեւ ոստիկանությունն ու բանակը չանցնեն ժողովրդի կողմը՝ ոչ մի շարժում չի կարող հաղթել: Հատկապես երբ ընտրություններով հնարավոր չէ հասնել փոփոխությունների:  

Ամենաընթերցվածը