Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Լապշինի կողմից Ալիևին ուղղված նամակին

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 19:31

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանում դատապարտված և այդ երկրի նախագահի ներմանն արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահին: «Թե ինչպես է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում նման նամակներ կորզել, ավելի լավ կիմանան այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով, գտնվում են արտասահմանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:

Նախարարն անդրադարձավ նաև մտահոգություններին, թե Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածից հետո ճանապարհորդություններ իրականացնող բլոգերներն այլևս Արցախ չեն այցելի, կնվազի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը: «Մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք: Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո շուրջ 10 երկրներից բլոգերներ այցելեցին Արցախ, զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ վաղը բլոգերների նոր խումբ է այցելելու Արցախ՝ գինու փառատոնին մասնակցելու համար: Երեք բլոգերներ պատրաստվում են նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Արցախի զբոսաշրջային գրավչությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալուց հետո նամակով դիմել էր վերջինիս՝ ներողություն խնդրելով իր կողմից նախկինում արված հրապարակումների համար:

Ամենաընթերցվածը