Ով ավելի էժան գազ բերի Հայաստանի սահման՝ պայմանագիր կկնքենք. Վարչապետ

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 18:29
Էներգակիրների գինը Հայաստանում տարածաշրջանի համեմատ արտոնյալ է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:

«Համեմատությունը պետք է բերել չափման միավորով, որովհետև տրանզիտի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին: Մենք այդ ուղղությամբ աշխատո՞ւմ ենք դիվերսիֆիկացիայի վրա, թե չէ, այո: Եվ ավելին, մենք բաց ենք կամայական առաջարկին կամայական կառույցի կողմից, որը կարող է ասել՝ Հայաստանի սահման ես կարող եմ գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան: Եվ այդ պարագայում որևէ խոչտընդտ չի լինի այդ կառույցի հետ պայմանագիր կնքելու համար՝ անկախ ծագման երկրից», ասաց վարչապետը:

Էլեկտրաէներգիայի ոլորտում դիվերսիֆիկցիան նույնպես, ըստ վարչապետի, կարևոր է Հայաստանի կառավարության համար: Դրան ուղղված աշխատանքներ են իրականացվում: «Ավելին, մենք իրատեսական ենք համարում լինել որոշակի առումով էլեկտրաէներգետիկ շուկայի հաբ ռեգիոնում»,- հավելեց Կարեն Կարապետյանը:

Արամ Սարգսյանը նկատեց, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում էներգակիրներն ավելի էժան են, ամենաթանկն այսօր Հայաստանի գներն են: «Բելառուսի գինը մեզնից թանկ է: Տարածաշրջանի այն երկրների համեմատ, որոնք գազ են գնում, չունեն սեփական գազ, մեր գնման գինը լավագույնն է»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը