Արփինե Հովհաննիսյանը պատմել է, թե ինչ է սպասվում ԵԽԽՎ նստաշրջանում

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 15:31
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում սպասվող զարգացումներին:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին մեկնարկում է նստաշրջանը, և հենց առաջին օրը օրակարգի և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձեւի քվեարկությունը:

«Այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ: Ի՞նչ է սա նշանակում: Ի տարբերություն սովորական ընթացակարգի, երբ որևէ բանաձևի քննարկման ժամանակ բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել ու ելույթներ ունենալ, այս անգամ նման ընթացակարգ նախատեսված չէ: Ելույթ ունենալու հնարավորություն է տրված բացառապես անվստահության բանաձևի հեղինակին, ով Նորվեգիայի պատվիրակության անդամ է: Դրանից հետո քաղաքական հինգ խմբերի ղեկավարները հնարավորություն կունենան արտահայտել իրենց դիրքորոշումը: Դրանից հետո Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտել որոշակի դիրքորոշում, ապա ձայնը կտրվի նրան: Եվ դրանից անմիջապես հետո դահլիճում կանցկացվի բաց քվեարկություն, որտեղ պարզ է լինելու, թե ով ինչպես է քվեարկում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քվորում ապահովելու համար պահանջվելու է 102 ձայն:

«Մտավախություն ունեմ, թե չէ, անկեղծ ասած, այդքան մեծ չէ մտահոգությունս, որ կարող է տապալվել: Բայց ես չեմ կարող որևէ բան բացառել: Պեդրո Ագրամունտն իր այս ժամանակահատվածի ընթացքում ցուցաբերած վարքագծով իրականում ցույց տվեց մի բան՝ ինքը բացարձակապես չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաև սեփական ֆրակցիային՝ ԵԺԿ-ին: Հետևաբար, ասել, որ նա համակերպվել է այս որոշման հետ և չի փորձելու որոշակի քայլեր ձեռնարկել, ես զերծ կմնայի նման ձևակերպում տալուց: Բայց այն, որ Եվրոպայի խորհուրդը ևս իր պատվիրակների մեծամասնությամբ ունի հստակ կամք և ցուցաբերում է իր կամքը, վստահ եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական երկու զեկույցներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ աշնանային նստաշրջանում դրանք քննարկվելու են: Զեկույցներից մեկը «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում» խորագրով է, որը վերաբերում է մարդու իրավունքների և այլ ոլորտներում հետևություններին: Դրա վերաբերյալ կան գնահատականներ, այն փոփոխվել է իրավական հարցերի հանձնաժողովում՝ Ադրբեջանի  կոռուպցիոն սկանդալի հետ կապված: 

Երկրորդ զեկույցն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, վերաբերում է Ադրբեջանի ընդհանուր մոնիթորինգային պարտավորությունների կատարմանը: «Մոնիթորինգի հանձնաժողում հետաքրքիր քննարկում է եղել, զեկույցի հեղինակը պետք է նաև Բաքու այցելեր ու լրացումներ կատարեր զեկույցում: Տեսնենք, թե ինչ լրացումներ է կատարել: Ամեն դեպքում, մոնիթորինգի հանձնաժողովում ևս անցել է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալին վերաբերող մի դրույթ, վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել ու կոչ արել դա հետաքննել: Այդ կոռուպցիան հետաքննող մարմինն այևս սկսել է իր հետաքննությունը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե ԵԽԽՎ հայաստանյան այս պատվիրակությունը նոր մարտավարություն որդեգրե՞լ է, որպեսզի նախորդ սխալներն ու ձախողումները չկրկնվեն, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ունի որոշակի մոտեցումներ, որոնք փորձելու է պատվիրակության անդամների հետ համաձայնեցնել ու կոնսենսուսի միջոցով առաջ քաշել:

«Ես, այո, չեմ կարծում, որ մենք անպայման պետք է լինենք պաշտպանվողի դերում: Կան խնդիրներ, որոնք դեռևս նախորդ նստաշրջաններից եկել են: Եվ դրա համար մենք փորձում ենք այդ հարցրեը կարգավորել: Չես կարող փորձել ամբողջությամբ ներգրավվել համաեվրոպական օրակարգ, երբ ունես այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, և կան այնպիսի լոբբիստներ, որոնք ունի Ադրբեջանը: Եվ դրա համար հայկական պատվիրակությունն ունի իր մարտավարությունը, և դա ոչ թե լրագրողների հետ խոսք ու զրույցի առարկա է, այլ գործունեության ու գործունեության ընթացքում արդյունքների արձանագրման», ասաց նա:

Ամենաընթերցվածը