ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պաշտոնյաներն աջակցելու են հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը

  • Քաղաքականություն - 13 Սեպտեմբերի 2017, 13:59
Հայ-ամերիկյան առեւտրային պալատը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը համախմբել են գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ առավել մանրամասն ներկայացնելու արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) միջոցով:

Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Ամերիկյան առեւտրային պալատի (AmCham)-ի նախագահ Արա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Ամերիկյան առեւտրային պալատը մշտապես սատարել է հայաստանյան գործարար համայնքին այս համակարգից օգտվելու հարցում:

«Այս համակարգը նպաստում է տնտեսական աճին՝ ապահովելով արտոնյալ ռեժիմով ապրանքների մուտքը 129 երկրներից դեպի Միացյալ Նահանգներ: Հայաստանն այդ  երկրների շարքում է, 500-ից ավելի հայկական ապրանքատեսակ հենց այս ռեժիմով է կարող է մուտք գործել ԱՄՆ առանց  մաքսային վճարների: Հայկական ընկերություններն օգտվում են այս համակարգով, եւ թե ինչքանով է հաջողվել, չեմ կարող ասել, բայց որ դրական շարժեր կան, գործընթացը գնում դա ակնհայտ է: Միացյալ Նահանգները ցանկանում է ավելի լուրջ մակարդակի բարձրացնել համագործակցությունը եւ խթանել տնտեսական կապերը: Մեր կողմից կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում  է հայ գործարարներին ներկայացնելու այդ բոլոր հնարավորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանի գործարարների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկումներ ունենալու, համակարգի հնարավորություններն ավելի ընդլայնված կերպով ներկայացնելու, Հայաստանից ԱՄՆ արտահանման ներուժի ընդլայնմանը նպաստելու համար հատուկ Հայաստան է ժամանել ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը: 

«Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային կապերի խորացումն է, և, այդ իսկ պատճառով այսօրվա հանդիպումը շատ մեծ կարեւորություն ունի: Հայաստանում շատ առումներով առաջընթաց է եղել, սակայն այս ծրագիրն իսկապես կարեւոր է հայաստանյան գործարար համայնքի համար, կարող է էապես մեծացնել մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը:  Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի միջոցով: Այդ ապրանքներից են ոսկերչական իրերը, ջեմը և այլ արտադրատեսակներ»,-ասաց դեսպանը:

Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում:

Ամենաընթերցվածը