Դեսպանն արել է իր գործը, դեսպանը կարող է…

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 20:30
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին պարգեւատրել է Պատվո շքանշանով: «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին Իվան Կիրիլի Վոլինկինին», նշվում է փաստաթղթում:

Իվան Վոլինկինը 2003-2008 թթ. եղել է Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-պատվիրակ եւ վտարվել է այնտեղից ռուս-վրացական պատերազմից հետո, մեղադրվելով երկրի ներքին գործերին միջամտելու համար:

Վոլինկինը Հայաստանում դեսպան է նշանակվել 2013 թվականի մարտից: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվել է Հայաստանի աբսորբցիային ուղղված Ռուսաստանի քաղաքականությունը: 2013-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց բազմաթիվ պարտավորեցնող պայմանագրեր, այդ թվում գազային խայտառակ պայմանագիրն ու Գյումրիի բազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու պայմանագիրը, անդամակցեց ԵՏՄ-ին, կնքեց համատեղ ՀՕՊ-ի, միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրերը եւ այլն: Մի խոսքով, այն ամենը, ինչը սահմանափակեց Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր ոլորտներում:

Վոլինկինը նաեւ ակտիվ աշխատանք էր տանում Հայաստանում, եւ դա չէր գնահատվում որպես միջամտության փորձ: Նրա օրոք Հայաստանում աճեց ու զորացավ 5-րդ շարասյունը, ագենտուրան ու կրեատուրան: Դրանց խնդիրն էր արդարացնել ռուսական քաղաքականությունը, Ադրբեջանին զենքի վաճառքը, լեզվի ու մշակույթի դեմ ոտնձգությունները եւ այլն:

Ասում են նաեւ, թե խորհրդարանի ընտրության նախընտրական ցուցակները ճշտվում էին նրա կաբինետում:

Բացի այդ, Վոլինկինը բազմիցս աչքի ընկավ Հայաստանի հասցեին արհամարհական արտահայտություններով:

Վերը թվարկվածը բավարար է նաեւ Վոլինկինին Ռուսաստանի ազգային հերոսի կոչում տալու համար, սակայն Պուտինն առայժմ բավարարվել է Պատվո շքանշանով, որը նույնպես պետական բարձր պարգեւ է:

Դեսպանն, այսպիսով, կատարել է իր գործը եւ կարող է հեռանալ: Հայաստանում այլեւս անելիք չկա, ավելի ճիշտ՝ կա այլ անելիք, որի համար այլ դեսպան է պետք: Բանն այն է, որ հայ-ռուսական այսպես ասած ավանդական հարաբերությունները հասել են պիկին ու սպառվել, եւ սկսել է անխուսափելի «հետադարձը»: Այդ հարաբերությունները կամ պետք է վերանայվեն գործընկերության հիմքով, կամ խզվեն այս կամ այն արդյունքով, որը տվյալ պարագայում կարեւոր չէ:

Սա է Վոլինկինի «վաստակը», որի համար արժեր նրան շնորհել նաեւ Հայաստանի մեդալ: Բայց կա մի նրբություն՝ ինչպես ինքն է ժամանակին խոստովանել՝ այս ընթացքում հայերեն հայհոյանքներ չի սովորել: Իսկ դա էական բացթողում է որեւէ դեսպանի համար, առավել եւս՝ Ռուսաստանի: Առավել եւս Վոլինկինի, ով Հայաստանում հաջողեցնելով ամեն ինչ՝ իրականում տապալել է Ռուսաստանի քաղաքականությունը, դառնալով այդ տապալման դեսպանն ու վկան:

Ամենաընթերցվածը