Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 17:17
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տեսա­գի­տու­թյան հար­ցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվեցին երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: 

Ամենաընթերցվածը