Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի. Արմեն Ռուստամյան

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 12:31
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեմ է Ելք խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:

«Մեր մոտեցումները չեն փոխվել, ընդհակառակը համոզվել ենք, որ այս ընթացքում այն մարտահրավերները, որը Հայաստանը ստիպված եղավ հաղթահարել իր անվտանգության խնդիրները լուծելու հետ կապված, դա ամենաճիշտ լուծումն էր այդ պահին: Մանավանդ, որ հիմա Եվրամիությունն էլ իր կարծիքը փոխելով՝ նորից հնարավորություն է տալիս վերադառնալու և-և սկզբունքին»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ ի՞նչ անվտանգության հարց լուծվեց Հայաստանի համար, կան տեսակետներ, որ անվտանգության խնդիրները, ընդհակառակը, սրվել են, Արմեն Ռուստամյանը նման պատասխան տվեց. «Բացարձակապես օդից վերցված հայտարարություններ են դրանք, որոնք իրականաության հետ կապ չունեն: Մենք փաստ ունենք, մենք քառօրյա պատերազմը հաջողած երկիր ենք և պետություն: Այդպիսի հարց բարձրացրողներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում պաշտպանություն և զինված ուժեր: Եթե մեզ թվում է, թե միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, չարաչար սխալվում եք: Մեր զինվորների հերոսության վրա որևէ մեկը չի կասկածել: Բայց եթե մենք չունենանք համապատասխան ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան զինատեսկաներով այսօր պայքարել թշնամու դեմ»:

Հարցին, թե եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, զինատեսակներ չէր ունենա՞, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ԵՏՄ մտնելով ենք կարողացել այդ հարցը լուծել:

«Մենք ունենք անվտանգության երկու հիմնական բաղադրիչ, հասկացեք վերջապես: Դա երկկողմանի հարբերություններն են Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ը: Ուրիշ այլընտրանք այսօր Հայաստանը չունի»,- հայտարարեց նա: Դիտարկմանը, որ կարող է ունենալ, ինչո՞ւ է բացառում այլընտրանքը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես համաձայն եմ, կարող է ունենալ, դա չի նշանակում, որ մենք դրանով պետք է սահմանափակվենք»:

Անդրադառնալով հարցին, թե ԵՏՄ-ն տնտեսապես ի՞նչ օգուտ տվեց Հայաստանին, Ռուստամյանը պատասխանեց, որ Հայաստանը տնտեսապես մեծ հնարավորությունների դաշտ ունի ԵՏՄ-ում, որը լիարժեք չի օգտագործվել:

«Մենք ձեռք ենք բերել հնարավորություն՝ օգտագործելու այդ շուկան: Եվ, այո, մենք ենք մեղավոր,որովհետև չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսությունը»,- ասաց նա:

Ռուստամյանն անդրադարձավ նաև Եվրամիության հետ ստորագրվելիք նոր փաստաթղթին, ասաց, որ չի կարծում, թե այս անգամ փաստաթղթի ստորագրման համար խոչընդոտ կլինի: Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի:

«Այն պատճառը, որը կար, որ այդ պահին չստորագրվեց, այլևս գոյություն չունի: Այսինքն՝ բոլոր բանակցությունները գնացել են այն տրամաբանությամբ, որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է: Եվ դա նշանակում է, որ այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ պրոցեսը սկսվել: Ռուսաստանն էլ գիտի, որ այդ պրոցեսն ընթանում է»,- հավելեց նա:

ԵՄ հետ նոր համաձայնագիրն, ըստ Ռուստամյանի, Հայաստանին տալու է պետական շինարարության հետ կապված այն արժեհամակարգի արագ տեղայնացումը, որը Հայաստաին այսօր անհրաժեշտ է: Եվրոպական պառլամենտարիզմի փորձն ու ձեռքբերումներն, ըստ նրա, այսօր օդ ու ջրի պես պետք են խորհրդարանական կառավարմանն անցում կատարած Հայաստանին:

Ամենաընթերցվածը