Բաքվի ռուս-իսրայելական հանձնարարությունը. Ադրբեջանի սեւ գործն Իրանի դեմ

    • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 12:24
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Իսրայել այցը Հայաստանում ուշադրության ու դիտարկման արժանացավ արցախյան խնդրի համատեքստում, ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական գործակցության եւ մասնավորապես հարվածային անօդաչուների աղմկոտ պատմության կտրվածքով:

Պատմությունն ինչպես հայտնի է հրապարակվեց իսրայելական մամուլում, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանին հարվածային անօդաչուներ մատակարարող իսրայելական ընկերության ղեկավարները Ադրբեջանի պահանջով անօդաչուները փորձարկել են հայկական դիրքերի վրա: Հետաքրքիր է, որ այդ տեղեկությունը հրապարակվեց Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարի Հայաստան այցից օրեր անց: Հայաստան նրա այցի ընթացքում Երեւանն ու Թել Ավիվը փոխանակեցին բավական բարեկամական մեսիջներ, թեեւ իսրայելցի նախարարին չընդունեց Սերժ Սարգսյանը՝ նա գնաց արձակուրդ:

Արդյոք պատճառն այն էր, որ պաշտոնական Երեւանին ավելի վաղ էր հայտնի դարձել այն, ինչ օրեր անց հրապարակվեց իսրայելական մամուլում, եւ Իսրայելի նախարարը եկել էր բացատրություն տալու: Թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես որոշել էր սպասել, տեսնելու համար, թե գործակցության ինչպիսի պատրաստակամություն է հայտնում Իսրայելը:

Մյուս կողմից, անօդաչուների շուրջ աղմուկը թողնում է հայ-իսրայելական հարաբերության դրական հեռանկարը մթագնելու փորձի տպավորություն:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց քննություն իրականացնելու մասին, իսկ մի քանի օր անց էլ ժամանակավորապես դադարեցվեց անօդաչուների մատակարարումը: Թեեւ չէր նշվում, թե ինչ պատվիրատուի, բայց ակնհայտ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է:

Եվ ահա, Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Իսրայել՝ թերեւս Թել Ավիվի հետ առաջացած խնդիրները քննարկելու: Հետաքրքիր է, որ այդ այցին ընդառաջ Ալիեւը նաեւ ներում շնորհեց հայտնի բլոգեր Լապշինին, որին ձերբակալել էին Արցախ այցելելու եւ Ալիեւին քննադատելու համար: Լապշինը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է: Թեեւ դժվար է ասել, նրան ներելը եւ ազատ արձակելը ժեստ էր Ռուսաստանի՞ն, թե՞ Իսրայելին: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, որ այդ քայլը զուգորդվեց Հասանովի Իսրայել այցի հետ:

Մյուս կողմից, արդյոք Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իսրայել այցի օրակարգում կարող էր լինել առաջացած աղմուկը եւ ղարաբաղյան խնդիրը, թե՞ Ադրբեջանն Իսրայելի համար այդուհանդերձ ունի այլ նշանակություն:

Խոսքն Իրանի մասին է եւ այդ համատեքստում արժե հիշել, որ օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Նաթանյահու հանդիպում, որտեղ Իսրայելի վարչապետը բաց եւ շատ կոշտ տեքստով դրեց Մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանին զսպելու հարցը:

Հետաքրքիր էր, որ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը բավական հանգամանալից ներկայացրել էր Իսրայելի վարչապետի խոսքը: Թե ինչ էր ասել Պուտինը, ի պատասխան Իրանի դեմ գործելու Իսրայելի բացահայտ առաջարկի, Կրեմլի հաղորդագրությունը լռում էր:

Բայց ակնհայտ է, որ այդ իմաստով Ադրբեջանը կարող է լինել Իրանի դեմ ռուս-իսրայելական ռազմավարության հարթակներից մեկը, եւ Հայաստանի եւ Արցախի հանդեպ սպառնալիքի ամբողջ ծավալով հանդերձ, թերեւս իրավացի են այն փորձագետները, ովքեր Ադրբեջանին թե ռուսական, թե իսրայելական սպառազինության մեծածավալ մատակարարումը դիտարկում են նաեւ Իրանի դեմ համատեքստում: Ադրբեջանին զինում են Իրանի դեմ, թե Մոսկվան, թե Իսրայելը, եւ այդ իմաստով Ադրբեջանը ռուս-իսրայելական հակաիրանյան չբարձրաձայնված կոալիցիայի այսպես ասած «սեւագործ բանվորն» է:

Բացառված չէ, որ Հասանովը գործուղվել է Իսրայել՝ Իրանի մասով Պուտին-Նաթանյահու պայմանավորվածության համատեքստում համապատասխան հանձնարարական ստանալու համար: Հասանովն այդ առումով թերեւս դիտվում է առանցքային ֆիգուր, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպես էր շաբաթներ առաջ նրան «ծրագրային» հարցազրույցի հարթակ տրամադրել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության առաջնային պլատֆորմներից մեկը համարվող ՌՒԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը