Մոսկվայի համայնքային ընտրության անակնկալ արդյունքը

  • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017, 10:56
Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում համայնքային պատգամավորների ընտրություններ են տեղի ունեցել: Այս ընտրությունները, չնայած շատ ցածր՝ ընդամենը 15 % մասնակցությանը, ուշագրավ էին մի քանի առումով:

Գլխավոր անակնկալն ընդդիմության հաջողությունն էր. «Միավորված դեմոկրատներ» կոալիցիան, որի կորիզը «Յաբլոկո» կուսակցությունն է, ստացել է 262 մանդատ՝ իշխող «Եդինայա Ռոսսիյա» կուսակցությունից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը (1154 մանդատ): Ընդ որում, Մոսկվայի 8 շրջաններում «Եդինայա Ռոսսիյան» ոչ մի պատգամավոր չի ունենա: Մոտ 3 տասնյակ շրջաններում ԵՌ-ն փոքրամասնություն է: «Միավորված դեմոկրատներ» կոալիցիան ղեկավարել է Դումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը, իսկ ընտրարշավի պատասխանատուն է եղել Մաքսիմ Կացը:

Այս ընտրությունները լուրջ պարտություն էին այսպես կոչված «խորհրդարանական ընդդիմության» համար: Կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Արդար Ռուսաստան կուսակցությունը շատ քիչ տեղեր են ստացել: Կոմունիստ պատգամավորների թիվը 212-ից նվազել է 43-ի: Ավանդաբար երկրորդ ուժը համարվող կոմունիստները 4-րդ տեղն են զբաղեցրել ԵՌ-ից, Միավորված դեմոկրատներից և ինքնառաջադրվածներից հետո:

Համայնքային պատգամավորների ընտրությունները փորձարկում էր իշխանությունների համար: Իշխանությունը ստուգեց ցածր մասնակցության պայմաններում (ռուսական մամուլը շատ քիչ էր լուսաբանում այս ընտրությունները) և առանց լուրջ խախտումների ու կեղծելու ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Հաշվի առնելով նախորդ ընտրություններից առաջ և հետո բողոքի մեծ ալիքը, ինչպես նաև Ռուսաստանի միջազգային բարդ դրությունը, Կրեմլին անհրաժեշտ է հնարավորինս անաղմուկ ընտրություններ անցկացնել՝ շեշտը դնելով Վլադիմիր Պուտինի հեղինակության վրա:

Այս ընտրությունները որոշակի առումով հարված էր ներկայում ընդդիմադիր ամենապոպուլյար գործիչ Ալեքսեյ Նավալնիի համար, ով մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններին: Վերջինս Գուդկովի և Յաբլոկոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով անտեսեց համայնքային պատգամավորների ընտրությունները և աջակցություն չհայտնեց նրանց (չհաշված մի քանի առանձին թեկնածուների):

Ռուսաստանի միակ ու գլխավոր ընդդիմադրի հավակնություն ունեցող Նավալնին ընտրության առաջ է կանգնած՝ կամ գնալ համագործակցության և փորձել աջակցություն ստանալ նախագահական ընտրություններում, կամ էլ զրկվել հաջողություն գրանցած ընդդիմադիր ուժի աջակցությունից: Արդեն պարզ է, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության թեկնածուն Գուդկովն է լինելու: 

Ամենաընթերցվածը