Կարո՞ղ է Հայաստանը փոխհատուցել Սումգայիթի «Նասոսնայա» օդակայանի կորուստը ԱՄՆ-ին

    • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 22:46
Միջազգային մամուլում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների բացահայտումից հետո Բաքուն սպառնացել է Վաշինգտոնին զրկել տխրահռչակ Սումգայիթում գտնվող «Նասոսնայա» ռազմական օդանավակայանից օգտվելու հնարավորությունից և կտրուկ շրջադարձ կատարել դեպի Մոսկվա և, հնարավոր է՝ Իրան:

Այս հանգուցային օդանավակայանը ծառայում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության ապահովմանը: Հայաստանը նույնպես Աֆղանստանում բազմազգ ուժերի մաս է կազմում, և Բաքվի քայլը կարող է բացասական անդրադառնալ նաև մեր զորախմբի մարտունակության և զինվորների անվտանգության վրա:

Lragir.am-ը ռազմական փորձագետից, ում անունը չենք նշում իր իսկ ցանկությամբ, փորձել է պարզել՝ կարո՞ղ է Հայաստանը փոխհատուցել նախկինում խորհրդային «Նասոսնայա» օդակայանի կորուստը Միացյալ Նահանգներին և կա՞ն այդպիսի տեխնիկական հնարավորություններ:

Փորձագետի խոսքով՝«Նասոսնայա» ռազմական օդանավակայանն իրականում էժան շահագործվող օդանավակայան է, որովհետև Եվրոպայի հիմնական հրամանատարությունից եկող բեռները ուղիղ գծով հասցնում է Աֆղանստան, և հարցն այն է, որ Եվրոպայից Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով ուղիղ տանելն ավելի հարմար է, այլապես կարող են այդ նույն բեռները Ճապոնիայից բերել կամ Գուամ կղզուց՝ ճապոնական հրամանատարության միջոցով, և դա որևէ խնդիր չի հարուցի, ուղղակի ավելի թանկ է.

«Այնպես չէ, որ ամերիկացիները շատ հուզվելու են, եթե «Նասոսնայան» չտրամադրեն։ Մյուս կողմից, Ադրբեջանի կողմից նման սպառնալիքը բլեֆ է, ես չեմ հավատում, որ նրանք կգնան այդպիսի քայլի, որովհետև դրա դիմաց իրենց վճարում են և լավ փողեր են աշխատում։ Հո ձրի չե՞ն տվել օդանավակայանը», ասել է ռազմական փորձագետը՝ հիշեցնելով, որ ժամանակին Ադրբեջանը Ամերիկայից զենք խնդրեց նույն Աֆղանստանից դուրս բերված սպառազինությունից, ամերիկացիները մերժեցին նույնիսկ ավտոտրանսպորտ տրամադրել։ Այն ժամանակ էլ Բաքվում փնթփնթացին, թե «Նասոսնայան» կփակեն, թույլ չեն տա Աֆղանստան բեռներ տանել, բայց, իհարկե, չարեցին այդպես։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ օր օրի վատանում են, ու ես չեմ բացառում, որ մի օր «Նասոսնայան» իսկապես փակեն կամ ավելի վատ հարաբերություններ ունենան Արևմուտքի հետ, բայց այս պահին դա բլեֆ է», հավելել է ռազմական փորձագետը։

Հարցին՝ իսկ Հայաստանն ունի՞ այդ տեխնիկական հնարավորությունները, որ ԱՄՆ-ի համար փոխհատուցի «Նասոսնայայի» կորուստը, նա նշել է, որ իրականում Հայաստանի զորախումբն Աֆղանստանում եղած զորախմբի մեջ կաթիլ է։

«Ճիշտ է, եթե անկեղծ խոսենք, մեր կաթիլը շատ ավելի մեծ կաթիլ է, քան ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների կաթիլները, քանի որ զորակազմի քանակով Հայաստանն առաջին 10-յակի մեջ է, բայց միևնույն է, այնտեղ հիմնական մատակարարումներն ամերիկյան զորախմբի համար է, որոնք ավելի շատ բաներ են սպառում, որովհետև նաև շատ ավելի բարդ խնդիրներ են լուծում, քան հայկական զորախումբը։ Հետևաբար այդ մատակարարումների դադարեցումը մեր զորախմբի վրա բացարձակ չի կարող ազդել։ Ամերիկյան զորախմբերի կամ ՆԱՏՕ-ի ստանդարտների տեսանկյունից քննարկումից դուրս է այդ հարցը», ասել է նա։

Ամերիկացիների համար, նրա խոսքով, օդանավակայանների ցանցն աշխարհում այնքան զարգացած ու հագեցած է, որ դա ընդհանրապես խնդիր չէ։ Ասենք, կարող են որպես վերջին տարբերակ Վրաստանի Վազիանիի օդանավակայանն օգտագործել, որն ուղիղ գծով մի 300 կմ է «Նասոսնայայից» հեռու, իսկ «Նասոսնայան» էքստրաօրդինար նշանակություն չի կարող ունենալ։

Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, թե հնարավոր է կտրուկ շրջադարձ կատարեն դեպի Ռուսաստան, ռազմական փորձագետն այնքան էլ բլեֆային չի համարում. «Սա, կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից տևական ու երկար աշխատանքի արդյունք է, որով փորձում է Բաքվին բերել իր օրբիտա։ Մյուս կողմից, սա նաև Բաքվի հետևողական ներքին քաղաքականության, արևմտյան արժեքներից հեռանալու հետևանք է։ Այսինքն՝ Ալիևն իր սեփական հարցերը լուծելու համար կամաց-կամաց ավելի բռնակալ է դառնում, իսկ Արևմուտքում, ճիշտ է, մենք գիտենք, որ իրենց սեփական գրպանում եղած բռնակալների նկատմամբ մի փոքր մեղմ են, բայց նույնիսկ իրենց համար այդ ամենին ինչ-որ սահման ունի։ Նույնիսկ արաբական շեյխերն ինչ-որ սահման ունեն, որը չպետք է անցնեն, կամ դրա դիմաց վճարեն շատ մեծ գումարներ։ Իսկ Ալիևը չի ուզում շատ մեծ գումարներ վճարել և սահմանն էլ անցնում է Արևմուտքի հետ իր հարաբերություններում։ Հետևաբար, բռնակալական այդ բոլոր գործողությունների խստացումը բերում է Արևմուտքի հետ օր օրի վատթարացող տրամադրությունների, ինչից էլ Մոսկվան օգտվում է», նման դիտարկում է արել ռազմական փորձագետը։

Ամենաընթերցվածը