Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնությունը չի համապատասխանում երկրի արտաքին քաղաքական և տնտեսական շահերին. Աշոտյան

  • Քաղաքականություն - 11 Սեպտեմբերի 2017, 15:57
«Այդ հայտարարությունը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: Դեռ նախագիծը չենք ստացել՝ որպես տեքստ, բայց ընդհանուր առմամբ քաղաքական տեսակետից մեկնաբանեմ՝ կարծում եմ՝ այդ փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական շահերին և մեր արտաքին քաղաքականության գերակայության շրջանակներում չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ելք-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը: Նա նշեց, որ հենց տեքստը տեսնի, ավելի մանրամասն գնահատական կտա, բայց դրանից իր քաղաքական գնահատականը չի փոխվում:

Արմեն Աշոտյանն անդրադարավ նաև հարցին, թե Եվրամիության հետ նոր փաստաթղթի ստորագրման համար ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել:

«Բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Նախագահը լիարժեք անդրադարձել է այս հարցին: Մոտ ապագայում նման քննարկումներ Եվրոպական խորհրդարանի շրջանակներում կլինեն: Ինձ հասած տեղեկություններով՝ Եվրպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստում է նոր զեկույց արևելյան գործընկերության հետ կապված, որտեղ կա նաև անդրադարձ ու ակնկալիք նոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ»,- ասաց Աշոտյանը:

Հարցին, թե փաստաթուղթը նախաստորագրվել է, ինչո՞ւ դեռ չի հրապարակվել, Արմեն Աշոտյանը նման պատասխան տվեց. «Եվրոպացի իմ գործընկերները նույնպես այս փաստաթուղթը չեն տեսել, որովհետև դեռ շարունակվում են որոշակի խմբագրական աշխատանքներ: Որքանով ինձ բացատրել են Բրյուսելում, խմբագրական աշխատանքները տեխնիկական բնույթի են, որոնք չեն փոխում բովանդակությունը: Փաստաթուղթը վստահաբար թաքուն չէ»:

Ամենաընթերցվածը