Չինական նորագույն զենք Հայաստանին. Մոսկվայում անհանգիստ են

  • Քաղաքականություն - 08 Սեպտեմբերի 2017, 22:02
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան եւ ռազմական համագործակցության վերաբերյալ բանակցությունները ուշագրավ արձագանք են գտել Ռուսաստանում: Ռուսական ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը բավական տգեղ շեշտադրումներով նյութ է տեղադրել, այնուհետեւ հեռացրել, երեւում է՝ Երեւանի պահանջով:

Նյութը վերնագրված է «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները»: «Հավանաբար այս զինատեսակների նման ահռելի քանակությունը Հայաստանին քիչ թվաց և այդ պատճառով հայացքը հառեց դեպի չինական ռազմարդյունաբերություն»,- գրում է գործակալությունը:

Ռազմական փորձագետներից մեկն այդ նյութում տեսակետ է հայտնում, որ հայերը խորացնելով համագործակցությունը Չինաստանի հետ, այդպիսով շանտաժ են անում Մոսկվային՝ ավելի շատ ու էժան զենք ստանալու համար: Մեկ ուրիշն էլ ասում է, որ Հայաստանը Չինաստանին չի հետաքրքրում ցածր գնողունակության պատճառով, չինացիները պրագմատիկ մարդիկ են եւ փող հաշվել գիտեն, եւ կասկած է հայտնում, թե կարող է գործարք տեղի ունենալ: Միեւնույն ժամանակ, նրանք ասում են, թե չնայած չինական զենքերը նման են ռուսականին, սակայն դրանք «ադապտացնելու» խնդիր ունեն:

Ռուսները պարբերաբար հիշեցնում են 200 մլն դոլարի գործարքի մասին, որով քիչ թե շատ ժամանակակից զենք մատակարարվեց Հայաստանին: Բայց լռության են մատնում այն հանգամանքը, որ այդ զենքը պետք է Հայաստան հասներ ավելի վաղ, քան ապրիլյան պատերազմը: Մինչ այդ, նորագույն զենքը գնում էր միայն Ադրբեջան:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ Չինաստանի մասով ասվում է, թե նրանք խնդրին մոտենում են բիզնեսի տեսակետից, այդպիսով «հավասարության նշան» դնելով Ռուսաստանի հետ, որն իր գործարքներն Ադրբեջանի հետ հայերին մատուցում է որպես միայն բիզնես:

Սակայն կա մի նրբություն. Ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Հայաստանը չէր ստանում ժամանակակից զենքը, իսկ Ադրբեջանն էլ սահմանին սկսեց լարել իրավիճակը, Չինաստանը նորագույն զենք տրամադրեց Հայաստանին, ինչը որոշ չափով զսպեց Ադրբեջանին՝ սեփական նորագույն զենքերը կիրառելու հարցում:

Ըատ մասնագետների, չինական սպառազինության «հիմքը» ռուսական զենքերն են, սակայն չինացիները կատարելագործել են դրանք, եւ շատ զինատեսակներ ավելի որակյալ են, քան ռուսական արտադրության նմանօրինակները: Չինաստանը հենց այդպիսի համալիր էր տրամադրել Հայաստանին:

Դժվար է ասել, իհարկե, թե ինչ ընթացք կունենա հայ-չինական ռազմական համագործակցությունը: Չինաստանը ծրագրեր ունի Հայաստանի կապակցությամբ: Այդ մասին հայտարարվեց նաեւ Հայաստանում չինական նոր դեսպանատան հիմնարկեքի ժամանակ, որը մեծությամբ երկրորդն է լինելու Եվրասիայում: Իսկ եթե կան ծրագրեր, դրանց մասը կարող է դառնալ նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

Մինչ Հայաստանի իշխանությունը պնդում է, թե պրո-ռուսական բլոկներին այլընտրանք չկա, իրականությունը լիովին այլ է: Չինաստանի պարագան այս առումով կարեւոր է, քանի որ Ռուսաստանը բավական բարդույթավորված է այս երկրի հարցում: Բանն այն է, որ Արեւմուտքին դիմակայելու քաղաքականության ամենասկզբում Մոսկվան խոսում էր Չինաստանի հետ դարակազմիկ դաշինքի ու միասին դիմակայելու մասին, սակայն դա տեղի չունեցավ՝ Պեկինը մերժեց այդ հեռանկարը, հասկացնելով, որ Մոսկվայի կարիքը չունի:

Հայաստանն ըստ ամենայնի տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը շարունակելու է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ, այս անգամ առավել հզոր զինատեսակների մատակարարման հարցում: Ընդ որում, Հայաստանի զենքը «ուշացնելու» մարտավարությամբ: Մոսկվայում շանտաժ է համարվում Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցանկացած դրսեւորում:

Ամենաընթերցվածը