Նոր բացահայտում, որն ազատում է Հայաստանի ձեռքերը

  • Քաղաքականություն - 07 Սեպտեմբերի 2017, 09:41
Համաշխարհային մամուլում հրապարակվել են Ալիեւի վարչակազմի կոռուպցիոն նոր բացահայտումներ, ըստ որոնց մոտ 3 միլիարդ դոլար է վճարվել Ալիեւի լոբբինգի, բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների գնելու համար: Մամուլը բացահայտել է նաեւ այն խողովակները, որոնց միջոցով վճարվել են այդ գումարները:

Հատկանշական է, որ այդ խողովակներից մեկը Ռուսաստանի հպարտությունն է՝ «Ռոսօբորոնէքսպորտ» ռազմարդյունաբերական համալիրը: Դա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը եղել է բազմակողմ՝ սպառազինության մատակարարում, դրա կիրառման քաղաքական հովանավորություն Ռուսաստանի կողմից եւ լոբբինգ:

Այսինքն, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ գործել են մի քանի ճակատով, այդ թվում նաեւ Հայաստանի շահերի դեմ միջազգային լոբբինգ ֆինանսավորելով:

Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ բավական թափանցիկ ակնարկներ ուղղեց Ռուսաստանին: Նա հիշեցրեց իր առաջարկը, ըստ որի՝ ՄԱԿ ԱԽ-ն կարող է զենքի էմբարգո դնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, արգելելով սպառազինության մատակարարումը: Այ, դա կլիներ լուծում, ասել էր նա, ավելացնելով, որ այդ դեպքում արանքից դուրս կգա այն «հիմնավորումը», թե եթե Ռուսաստանը զենք չտա, կտան ուրիշները:

Շավարշ Քոչարյանն ասել է, որ դա իր կարծիքն է: Առայժմ դա Հայաստանի պաշտոնական տեսակետը չէ, Ռուսաստանի հետ հարցերում Հայաստանի իշխանությունն առայժմ իրեն պահում է ջայլամի պես՝ գլուխը հողում, չտեսնելու տալով իրողությունները: Բայց իրավիճակը զարգանում է արագ ու հետեւողական շեշտադրումներով, եւ Շավարշ Քոչարյանի առաջարկը կարող է միս ու արյուն ստանալ մեկ այլ ուղղությամբ:

ԱՄՆ նոր պատժամիջոցները վերաբերվում են Ռուսաստանի էներգետիկ համալիրին, որոնք էապես սահմանափակում են դրա զարգացման ու ծավալման հնարավորությունները: Ռուսաստանի եկամուտների մյուս խոշոր աղբյուրը՝ ռազմարդյունաբերական համալիրը, առայժմ ուղիղ պատժամիջոցների տակ չէ, սակայն երբեմն-երբեմն հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում:

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ն նոր քաղաքականություն է սկսել, եւ երեւում է այս անգամ Ռուսաստանը չեն փրկելու, այլ խեղդելու են մինչեւ վերջ: Ըստ այդմ, չի բացառվում, որ պատժամիջոցների տակ հայտնվի նաեւ ռազմարդյունաբերական համալիրը, որը տնտեսապես ու քաղաքականապես ավելի կթուլացնի Ռուսաստանը:

Միջազգային այս նոր բացահայտումները Հայաստանի համար լրացուցիչ գործիք են արտաքին եւ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչի մասին ակնարկում էր ԱՄՆ դեսպան Միլզը Հայաստանի ինքնիշխանության համատեքստում: 

Այս բացահայտումը եւս մեկ ապացույց է այն բանի, որ եթե Հայաստանը գտնվում է Ռուսաստանի շահերի գոտում, նշանակում է՝ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի շահերի գոտում:

Ամենաընթերցվածը