Ինչ որոշում է կայացվել

    • Քաղաքականություն - 28 Օգոստոսի 2017, 22:59
Սերժ Սարգսյանն արձագանքել է Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած կարգավորման կետերին: Նա ասել է, որ դա ընդհանրական մոտեցում է: «Որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել, որովհետև յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ այդ փաստաթղթում շատ մեծ նշանակություն ունի», ասել է նա:

Հոգլանդի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարարը, խոսելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ու պայմանավորվածություններից հետ կանգնելու մասին:

Երեւում է, Հոգլանդի հայտարարությունն անակնկալի է բերել Հայաստանի իշխանությանը, քանի որ դրանից մի քանի օր առաջ ամերիկացի համանախագահը մեկ այլ ասուլիսում կրկնել էր այն թեզերը, որոնք ժամանակին բարձրաձայնել էր Հայաստանի իշխանությունը՝ առաջնահերթը համարելով վստահության մեխանիզմների տեղակայումը եւ կայուն խաղաղությունը:

Ի՞նչ էր փոխվել այդ կարճ ժամանակահատվածում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, անդրադառնալով Հոգլանդի հրապարակած կետերին, հայտարարել էր, որ եթե Հայաստանն ընդունի, որ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, և ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար:

Ադրբեջանի արձագանքը հասկանալի է՝ բանակցությունը նման օրակարգով վերսկսելը նրա համար հրաշալի հնարավորություն է դուրս գալու ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղուց: Բանն այն է, որ համանախագահների կողմից Վիեննայում դրվել էր շփման գծում հետաքննության մեխանիզմների հարցը որպես բանակցությունը սկսելու պայման, որը Ադրբեջանի համար իր քաղաքականության մահն էր: Ադրբեջանն այս ընթացքում տարբեր փորձեր էր կատարում այդ վիճակից դուրս գալու համար, որոնք սակայն հանդիպում էին կոշտ ռազմական ու դիվանագիտական հակահարվածների:

Ապրիլյան պատերազմը հայկական կողմին հնարավորություն էր տվել փոխել իրավիճակը: Բայց մի քանի քիչ թե շատ համարժեք քայլերից հետո հայկական դիվանագիտությունը եւ հատկապես Էդվարդ Նալբանդյանը կրկին անցավ «Ադրբեջանի ապակառուցողականության», «ցանկացած բանակցություն պատերազմից լավ» է թեզերին, բանակցելու անհրաժեշտությանը, որն էլ ի վերջո հանգեցրեց Հոգլանդի այդ աղմկոտ հրապարակմանը: Դրա իմաստը խոշոր հաշվով հետեւյալն էր՝ շա՞տ եք ուզում բանակցել՝ ահա հիմնական կետերը:

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ այդ օրակարգով բանակցության դեպքում նա դուրս է գալիս փակուղուց, վերադարձնում է Ղարաբաղի ողջ տարածքի ու պատերազմի իր իրավունքը, շարունակելով սպառազինվել եւ ինչ որ պահի արդեն ստանալ նոր պատերազմի հնարավորություն: Ապրիլյան պատերազմով նա հասկացել է, որ ինչ որ տարածք պոկելով՝ հայտնվում է ամբողջը կորցնելու խնդրի առաջ, ինչն էլ փաստացի արձանագրվել էր Վիեննայի հանդիպմանը:

Նմանապես, բանակցության վերսկսումը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որն այդպիսով հնարավորություն է ունենում երկարաձգել իր ավանդական քաղաքականությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում:

Ադրբեջանի ու Ռուսաստանի դիրքորոշումները պարզ են, նրանք ցանկանում են վերադառնալ նախաապրիլյան իրավիճակին ու տապալել Վիեննայի օրակարգը: Իսկ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը: Իրավիճակը վերադարձնել ի շրջանս յո՞ւր:

Հայաստանը անցած մեկ տարում համոզվել է, որ երբ կայացնում է ինքնիշխան ու իր շահերից բխող որոշումներ ու ներկայացնում է պահանջներ, դրանք ընդունվում են: Դրա ապացույցը հենց Վիեննայի օրակարգն էր: Հարց է առաջանում՝ ինչու պետք է Հայաստանն անի ոչ թե այն, ինչ իրեն է պետք, այլ այն, ինչ պետք է Ռուսաստանին ու խոշոր հաշվով նաեւ Ադրբեջանին:

Ռուսաստանը Հայաստանի բանակցելու պատրաստակամությունը պարզապես «վաճառում» է Ադրբեջանին՝ լուծելով նրա հետ իր հարցերը, նվաստացնելով Հայաստանին: Ադրբեջանն էլ բնականաբար ընդառաջ է գնում դրան՝ լուծելով իր իրավունքների հարցը:

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը պատրա՞ստ են առանց վստահության մեխանիզմների տեղակայման բանակցությունը վերսկսել այդ կետերի շուրջ: Կետեր, որոնց շուրջ բանակցության շարունակման արդյունքը լինելու է նույնը՝ Ադրբեջանի իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ պատերազմի: Նրանց արձագանքներում չկա այս հարցի հստակ ու սկզբունքային պատասխանը, կան միայն ակնարկներ, որոնք դիրքորոշում չեն, այլ իրավիճակային արձագանքներ:

Ամենաընթերցվածը