Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018-ին ՌԴ-ում կայանալիք ընտրություններին

  • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 21:59

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նկատելով, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրություններին «միջամտելու» հետ կապված անհիմն մեղադրանքներ են եղել:

«Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ  Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, արդյոք պետք է Ռուսաստանը սպասի արտաքին միջամտություն 2018-ի նախագահական ընտրություններին:

«Իսկ եթե դա (միջամտությունը) տեղի ունենա, մենք ունենք մեր օրենքները, առկա է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որը հստակ նշում է, թե ինչ կարելի է անել դիվանագիտական ներկայացուցիչներին և ինչ՝ ոչ: Մենք կղեկավարվենք դրանով և մեր օրենքներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:   

ԱՄՆ-ում ընթանում է անկախ հետաքննություն ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ, որում հաղթել է Դոնալդ Թրամփը, իբր Ռուսաստանի միջամտության հետ կապված:

Ամենաընթերցվածը