ԱՄՆ-ն հաստատեց. Վիեննայի օրակարգը պետք է իրականացվի

    • Քաղաքականություն - 11 Օգոստոսի 2017, 15:31
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ըստ Հոգլանդի՝ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հեռացնել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը և հատուկ սարքավորումներ տեղադրել:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումից առաջ այս հայտարարությունը ոչ պաշտոնապես ուղղված է Ադրբեջանին:

«Հենց Ադրբեջանն է զինադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը՝ ակտիվ գործի է դնում դիպուկահարներ, ուղարկում դիվերսիոն խմբեր: Պաշտոնապես նրանք այդ մեսիջն ուղղում են և Հայաստանին, և Արդբեջանին, բայց բոլորս հասկանում ենք, որ դա ուղղված է Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սա բավական լավ հայտարարություն է, քանի որ գլխավորն, ինչ պակասում է այսօր, վստահության մթնոլորտն է: Բանակցություններ ըստ էության չկան, բայց այդ պրոցեսի ընթացքում հենց վստահությունն է պակասում: Եվ այս հայտարարությունը նշանակում է, որ Մինսկի խմբի այսօրվա գլխավոր խնդիրը հենց այդ վստահության մթնոլորտի ստեղծումն է:

Գրիգորյանը հիշեցնում է, որ նախորդ տարվա մայիսին Մինսկի խումբը Վիեննայում հենց դա առաջարկեց, և կողմերը եկան դրա շուրջ համաձայնության: «Եվ ամերիկացի համանախագահի այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ Մինսկի խումբն այս սկզբունքից չի հեռացել. Վիեննայի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: Դա շատ կարևոր է»,- ասաց նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ երբ ադրբեջանական կողմը պահանջում է ինչ-որ տարածքներից ինչ-որ զորքեր դուրս բերել, պարզ է, որ դա ոչ մի բանակցային գործընթացի մասին չի խոսում: Դա նախապայման է, թույլ չի տալիս, որ բանակցությունները վերսկսվեն: Եվ փաստորեն Մինսկի խումբը ճիշտ ժամանակին ճիշտ ուղղություն է դնում, որ առաջին հերթին պետք է վստահությունն ուժեղացնել, նոր քննարկել բանակցությունների մասին հարցեր:

Հարցին, թե որքանո՞վ հնարավոր կլինի այս հարցում առաջընթաց ապահովել՝ հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, մասնագետը պատասխանեց, որ չի կարծում, թե Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը:

«Ադրբեջանը համաձայն է վերադառնալ բանակցային սեղան միայն մեկ դեպքում, նախապայման է դրվում, որ մենք ինչ-որ տարածքներ զիջենք: Պարզ է, որ ադրբեջանցիներն այս անգամ էլ չեն լսի համանախագահող երկրների այդ հորդորը: Բայց մեզ համար շատ դրական է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները նման կառուցողական դիրքորոշում ունեն, որը շանս կտա վերսկսելու բանակցությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համանախագահող երկրներից Ռուսասանի դիրքորոշմանը, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ կարծում է՝ ամերիկացի համանախագահը ՌԴ հետ համաձայնեցնելով է այդ հայտարարությունն արել:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքրոշումն այս հարցում ուժեղ տարբերվում է: Բայց ռազմավարական իմաստով, այո, նույն Ռուսաստանն այդքան էլ հակված չէ, որ հիմնախնդիրն արագ լուծվի: Միաժամանակ ես կանխատեսել եմ, որ եթե խորանան ԱՄՆ և Ռուսաստանի տարաձայնությունները, ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ անց դա կազդի նրանց համագործակցությանը Ղարաբաղյան հարցում», հավելեց նա:

Գրիգորյանը չի կարծում, թե արտգործնախարարների առաջիկա հանդիպումն ինչ-որ արդյունք կտա, բայց հանդիպումից հրաժարվելը սխալ կլիներ, քանի որ դա ոչ կառուցողական մոտեցում կդիտվեր:

«Եվ հույս ունենանք, որ նախքան այդ հանդիպումը Ադրբեջանը չի խախտի հրադադարը, ակտիվ չի օգտագործի դիպուկահարներին, քանի որ եթե նորից սադրանքների դիմեն, մենք պետք է մտածենք՝ իմաստ ունի գնալ այդ հանդիպմանը, թե ոչ», հավելեց նա:

Ամենաընթերցվածը