Ռուսաստանը «ներխուժում» է Բելառուս

    • Քաղաքականություն - 10 Օգոստոսի 2017, 16:20
Օդեսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը «բռնակցելու եւ գրավելու է» Բելառուսը: Նա այս մասին ասել է «Արեւմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կապակցությամբ, որը կայանալու է սեպտեմբերին:

Նա նշել է, որ Բելառուսում զորավարժությունների շրջանակում ռուսական ռազմական ենթակառուցվածքներ են տեղակայվելու: Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ ռուս զինծառայողներին տեղափոխելու համար հատկացված երկաթուղային վագոնների թիվը վկայում է երկրում լիարժեք ռազմաբազա ծավալելու մտադրության մասին:

Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը ենթադրել է, որ զորավարժություններից հետո հավաքված զորքերը կարող են օգտագրոծվել «այլ ուղղություններով», եւ զորավարժությունը «Տրոյական ձի» է անվանել:

Որքանո՞վ են Բելառուսում կայանալիք զորավարժությունները վտանգավոր, կա՞ Ռուսաստանի ու Բելառուսի առավե սերտ «ինտեգրացիայի» նախագիծ: Այս երկու երկրները տարիներ առաջ Դաշնային պետություն են ստեղծել, սակայն այն այդպես էլ չի կայացել:

Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, կնկատենք, որ Ռուսաստանը «բռնակցման» հերթական քայլն է անում այն բանից հետո, երբ կորցնում է ազդեցությունն առավել նշանակալի տարածքի վրա: Այդպես էր Ուկրաինայի եւ Վրաստանի, ավելի ճիշտ Ղրիմի եւ Աբխազիայի պարագայում:

Այժմ էլ խոսում են Բելառուսի հավանական «բռնակցման» մասին: Ինչի՞ դիմաց է վճարում Մինսկը: Ո՞վ է այս անգամ պատրաստվում «պոկվել» Ռուսաստանից:

Ռուսաստանի «ազդեցության գոտիներից» թերեւս միայն Հայաստանն է մնացել, եւ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել «արմէքզիթի» խոսակցությունները: Քանի որ Ղարաբաղը Աբխազիա ու Ղրիմ չէ, Բելառուսն առիթ ունի «վճարել» իր ինքնիշխանության մասով եւ Պուտինի հետ հերթական առեւտուրն սկսել: Հնարավոր է Ռուսաստանը վերջապես որոշի, որ եկել է Բելառուսի հետ Դաշնային պետության ստեղծման գաղափարն ավարտին հասցնելու ժամանակը:

Ամենաընթերցվածը