Իրանի հետ հարաբերություններում երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը. Շավարշ Քոչարյան

  • Քաղաքականություն - 10 Օգոստոսի 2017, 14:29
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարությունում պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱՄՆ և Իրանի հարաբերությունների հնարավոր վատթարացումը կարո՞ղ է ազդել Հայաստանի ու ԱՄՆ հարաբերությունների վրա, ասաց որ նախկինում նման դեպք չի եղել: Ըստ նրա՝ ամեն երկիր կարող է խոսել ու ներկայացնել իր պատկերացումները, դա իրենց խնդիրն է:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու մեջ, և այդ հարցում մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը»:

Նա նշեց, որ Իրանի նախագահի հակաամերիկյան ելույթը չի վնասում Հայաստանի ու ԱՄՆ հարաբերություններին: «Երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, և դրա առաջատարը հենց ԱՄՆ-ն էր, այն ժամանակ ԱՄՆ-ն ըմբռնումով էր մոտենում մեր բարեկամական և տնտեսական հարաբերություններին Իրանի հետ: Այդ տեսակետից, եթե պետությունն ազնիվ է իր արտաքին քաղաքականության մեջ, ասում է բոլորին նույնը, ոչ թե ասում է մի բան, անում այլ բան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե Սերժ Սարգսյանի՝ Իրան  կատարած այցի ժամանակ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա իրանական գազը տարանցելու մասով նոր պայմանավորվածություններ եղե՞լ են, ի՞նչ մանրամասներ կարող է հայտնել, Քոչարյանը պատասխանեց, որ պաշտոնական հաղորդագրությունից զատ այլ բան չի կարող ասել:

«Բայց որ մենք շահագրգիռ ենք այդ հարցում, դա ակնհայտ է, և ոչ միայն ակնհայտ է, այլ դրա մասին բազմիցս խոսվել է: Դա նշանակում է, որ այստեղ կա շատ լուրջ մտադրություն տարբեր կողմերից, և դա նշանակում է, որ հիմք կա այդ ուղղությամբ աշխատելու»,- հավելեց Քոչարյանը:

Ամենաընթերցվածը