Թուրքմենստանը Ալիեւին շանտաժի կենթարկի Հայաստանով

    • Քաղաքականություն - 08 Օգոստոսի 2017, 20:35
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն այսօր մեկնել է Բաքու, որտեղ, ըստ փորձագետների, կփորձի Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել գազի տրանզիտի շուրջ:

Մի քանի տարի առաջ Թուրքմենստանը խզել է պայմանագիրը ռուսական Գազպրոմի հետ, որն էժան գազ էր գնում Աշխաբադից եւ թանկ վաճառում Եվրոպային: Թուրքմենստանը պայմանագրեր ունի Չինաստանի հետ, սակայն դեռ չի կարողանում ճանապարհ գտնել դեպի Եվրոպա:

Թուրքմենական գազը կարող է Եվրոպա հասնել Ադրբեջանով, եթե Կասպից ծովի հատակով հաջողվի գազամուղ անցկացնել: Ռուսաստանն ու Իրանը, սակայն, դեմ են, եւ այդ պայմաններում հայտնի չէ, թե Ադրբեջանը կկարողանա՞ առանց Թուրքմենստանի լցնել Տրանսադրիատիկ գազամուղը, որը պետք է Վրաստանով ու Թուրքիայով հասնի Եվրոպա:

Թուրքմենստանը կարող է գազն Ադրբեջան հասցնել նաեւ Իրանով: Իրանը, ըստ երեւույթին, հրաժարվում է ապահովել տարանցիկ փոխադրումը դեպի Ադրբեջան: Ավելին, Իրանը, ըստ ամենայնի, առաջարկում է թուրքմենական գազը փոխադրել Հայաստանով: Այս մասին մասնավորապես Թեհրանում զրուցել են Իրանի եւ Հայաստանի նախագահները:

Հանդիպմանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, խոսվել է միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորության մասին: Կարեւորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցության զարգացումը:

Ի՞նչի մասին են զրուցելու Բերդիմուհամեդովն ու Ալիեւը: Նա կզգուշացնի՞, որ եթե Ալիեւը չհամաձայնվի Աշխաբադի պայմաններին, Թուրքմենստանը կարող է առարկայական բանակցություններ սկսել Թեհրանի եւ Երեւանի հետ:

Հայաստանը պատրա՞ստ է թուրքմենական գազը Վրաստանով Եվրոպա տեղափոխել: Դրա համար հարկ կլինի կամ նոր խողովակաշար կառուցել, կամ էլ պայմանավորվել Գազպրոմի հետ: Թուրքմենստանը կարո՞ղ է ներդրում անել Հայաստանում նոր խողովակաշարի կառուցման մեջ:

Ամենաընթերցվածը