Ռուսաստանի վերջին «նվերը» Վրաստանին

    • Քաղաքականություն - 08 Օգոստոսի 2017, 16:02
Այսօր Վլադիմիր Պուտինն այցելել է Աբխազիա՝ նույն օրը, երբ Վրաստանը նշում է Ռուսաստանի ներխուժման 9-ամյակը:

08.08.08 սակրալ ամսաթիվ է հարավկովկասյան տարածաշրջանի պատմությունում: Շատ փորձագետներ պնդում են, որ եթե աշխարհը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո պատժամիջոցներ ընդուներ Ռուսաստանի դեմ, հնարավոր է, չլինեին ոչ Ղրիմը, ոչ Դոնբասը, ոչ Սիրիան, ոչ էլ տխրահռչակ Եվրասիական միությունը: Ռուսաստանը կփակվեր իր խնդիրների մեջ եւ հարեւաններին հանգիստ կթողներ:

Այլ փորձագետներ պնդում են, որ Արեւմուտքն այն ժամանակ չէր կարող պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, որը մի քանի հարյուր միլիարդ դոլար էր պարտք Արեւմուտքին: Ռուսաստանի հետ առճակատումը կամ դեֆոլտը կնշանակեին, որ Մոսկվան հրաժարվում է վճարել:

Այս տարիների ընթացքում, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, Արեւմուտքը կարողացել է վերադարձնել իր փողերի մեծ մասը: Միջոցները տարբեր էին, բացի այդ՝ Ռուսաստանին «ստիպել են» ներդրումներ անել ի սկզբանե անիրական նախագծերում՝ ստիպելով փող ծախսել, խաղացել են նավթային գների եւ դոլարի փոխարժեքի վրա: Այս ընթացքում նավթն ու ռուբլին ավելի քան երկու անգամ էժանացել են: Եվ ինչ-որ պահի պարզ է դարձել, որ պատժամիջոցներ սահմանելու ժամանակն է:

Այսպես թե այնպես, վրացական ճգնաժամը փոխել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները եւ սկիզբ դրել առճակատման նոր փուլի, որը կարող է շատ ցավալի դառնալ Մոսկվայի եւ նրա կայսերական հավակնությունների համար: Պատերազմից 9 տարի անց Վրաստանը հայտարարում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղու մասին, եւ ԱՄՆ փոխնախագահը Թբիլիսիում խոսում է այդ ուղուն աջակցելու մասին:

Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ 2005-2007 թվականներին Վրաստանից դուրս բերվեցին ռուսական ռազմաբազաները: Վերջին էշելոնը Գյումրի է շարժվել 2007 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ Ռուսաստանը որոշեց, որ ոչ մի պարտավորություն չունի Վրաստանի հանդեպ եւ կարելի է «հարձակման» անցնել:

2008 թվականի օգոստոսին, հրադադարի ստորագրումից մի քանի ժամ առաջ վրացական Գորին ռմբակոծվեց կասետային ռումբերով, որոնք, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, արձակվել են ռուսական Իսկանդերներից: Իսկանդերի փորձարկումը Ռուսաստանի վերջին «նվերն էր» Վրաստանին:

Ամենաընթերցվածը