Տհաճ անակնկալ. Բաբլոյանի մոսկովյան այցը տապալված է

    • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 16:22
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը Մոսկվայում մատուցել են տհաճ անակնկալ: Անակնկալը մատուցել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Հեղինակը նա է, թե ոչ, ասելը դժվար է, բայց Բաբլոյանի մոսկովյան առաջին այցը գործնականում հնարավոր է համարել տապալված:

Բանն այն է, որ երբ Հայաստանի ԱԺ նախագահը ՌԴ Պետդումայի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայկական վարորդական իրավունքների հարցը, որն արդեն բավականաչափ հայտնի է, Վոլոդինը տվել է բավական ուղիղ պատասխան. Պետական կարգավիճակ տվեք ռուսերենին եւ կլուծվի վարորդական իրավունքի ճանաչման հարցը:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը որոշել է չճանաչել այլ երկրների վարորդական իրավունքներ: Բայց հետո բացառություն է արվել այն երկրների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Հայաստանում այդպես չէ եւ Վոլոդինն ասել է, թե ինչ է պետք անել:

Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու հարցը: Երեւանը մինչ այժմ շրջանցել է այն: Արդյո՞ք Մոսկվան վարորդական իրավունքների պատմությունը «հնարել» է այդ հարցն առաջ մղելու համար: Ասելն իսկապես դժվար է: Բայց հազիվ թե ընդամենը Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալու համար ընդունվեր մի օրենք, որն ընդգրկում է բավական լայն դիապազոն: Գուցե Մոսկվան ընդամենն օգտվում է առիթից: Չի բացառվում անգամ, որ Վոլոդինը Բաբլոյանին պարզապես տվել է անձնական պատասխան, ոչ թե հնչեցրել է այսպես ասած պաշտոնական առաջարկ:

Տվյալ պարագայում սակայն խնդիրը դա չէ, այլ այն, թե ինչպես է իրեն պահում կամ պահելու Հայաստանի իշխանությունը:

Մինչ այժմ չկա վիճակագրություն, թե Հայաստանի քանի՞ քաղաքացու է առնչվել Ռուսաստանում այլ երկրների վարորդական իրավունքով գործունեություն ծավալելու մասին օրենքը, քանիսն են տեսել իրենց գլխի ճարը, իսկ քանիսն են ստիպված վերադառնալ Հայաստան: Չի բացառվում նաեւ, որ ի վերջո հարցը կլուծվի այսպես ասած ԵՏՄ շրջանակում եւ բացառություն կարվի արդեն ոչ թե ռուսերենի պաշտոնական կարգավիճակ ունեցող, այլ ԵՏՄ անդամ պետությունների համար, այդպես լուծելով նաեւ Հայաստանի հարցը:

Տվյալ պարագայում խնդիրը Հայաստանի հանդեպ վերաբերմունքն է, եւ այդ վերաբերմունքի հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքը:

Ո՞վ կլինի Հայաստանի այն պաշտոնյան, որն առաջինը կհայտարարի, որ Հայաստանում հայերենից բացի չկա այլ լեզվի պաշտոնական կարգավիճակ տալու որեւէ հիմք, այդպիսով փակելով հարցը:

Թեեւ, հատկանշական է, որ Վոլոդինի հանդուգն եւ նույնիսկ ցինիկ հայտարարությունը հնչում է նախօրեին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից հետո, որտեղ Սարգսյանը գործնականում ազդարարում էր, որ առաջիկայում չկա հայ-ռուսական հարաբերության հարցում Հայաստանի իշխանության պահվածքի հարցում որակապես այլ սպասելիք:

Սերժ Սարգսյանն իհարկե ակնարկեց նաեւ, որ Հայաստանը ստիպված է պահել իրեն այդպես, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչու՞ է ստիպված: Որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի՞ն կպատժի, թե՞ կպատժի իշխանությանը: Թե՞ Հայաստանը ստիպված է, որովհետեւ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերության բնույթն ու որակը Հայաստանում չունի լուրջ եւ խորքային ընդդիմություն:

Արա Բաբոլյանի Մոսկվա կատարած այցի պատվիրակության կազմում եղել են խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, Բաբլոյանից բացի, նրա՞նք ինչ են ասոլ Վոլոդինին, եւ ընդհանրապես ինչ են ասում այդ կապակցությամբ Ռուսաստանին:

Ամենաընթերցվածը