Մեկ տարվա ընթացքում թուրք-բոլշեւիկյան ազդեցությունն ամրացել է

    • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 14:58
2017 թվականի հուլիսի 16-17-ին ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղղված էր Թուրքիային եւ Հայաստանին: Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որը ճնշվեց նույն օրը: Իսկ հուլիսի 17-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցավ Սասնա ծռեր խմբի գործողությունը եւ ՊՊԾ գնդի գրավումը, որը շարունակվեց երկու շաբաթ:

Բայց մեկ տարի անց միջազգային ԶԼՄ-երը գրում են Թուրքիայի մասին, չհիշատակելով Հայաստանի իրադարձությունները: Հնարավոր է այն պատճառով, որ Թուրքիան անճանաչելիորեն փոխվել է անցնող մեկ տարում, իսկ Հայաստանում ամեն ինչ գնում է «ըստ պլանի»:

Այսօր, Սասնա ծռեր խմբի ապստամբության մեկ տարին լրանալու օրը Սասնա ծռեր խումբը հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արվում վերջ դնել տարածաշրջանի թուրք-բոլշեւիստական բաժանմանը եւ ստեղծել ինքնիշխան հայկական պետականություն հայկական տարածքների վրա: Մեկ տարի առաջ Սասնա ծռերի վերջին հայտարարությունը, որ արեցին զենքը վայր դնելուց առաջ, նույնպես ռուսական գաղութատիրությունից ազատվելու կոչ էր:

Այդ իմաստով անցնող տարվա ընթացքում Հայաստանում որեւէ փոփոխություն չի եղել՝ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը չի նվազել, Հայաստանը չի դարձել ավելի ինքնիշխան: Մնացյալ ամեն ինչ մանրամասներ են, որոնք աշխարհին չեն հետաքրքրում:

Այդ ընթացքում Թուրքիան փոխվել է բավականին շատ: Կարնեգի հանրահայտ կենտրոնը վստահեցնում է, որ իրականում Թուրքիայում եղել է երկու հեղաշրջում՝ Էրդողանը, որ ճնշեց ռազմական հեղաշրջման փորձը, ինքն է հեղաշրջում իրականացրել՝ ուժեղացնելով իր իշխանությունը:

Այս տարվա ընթացքում Թուրքիայում ՆԱՏՕ Ինջիրլիք ռազմակայանից հեռացվեցին գերմանական զորքերը, Էրդողանը Արեւմուտքում դարձավ «անձեռքմեկնելի»: Թուրք նախարարներին չեն թողնում Եվրոպա, Թուրքիան զորք մտցրեց Սիրիա եւ կարողացավ կտրել իրաքյան քրդերին սիրիական քրդերից: Դրա հետ մեկտեղ, ձերբակալություններիհետեւանքով Թուրքիայի բանակում կա գեներալների եւ օդաչուների դեֆիցիտ: Բայց Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել C400 ՀՕՊ համալիրներ, ինչը գնահատվել է որպես ՆԱՏՕ-ից «երես թեքել»: Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում ծեծեցին խաղաղ ցուցարարներին եւ դա առաջացրեց վրդովմունքի ալիք:

Այս տարվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան «մոտիկ» դարձան, այն իմաստով, որ Թուրքիան շրջվում է Արեւմուտքից եւ դառնում է Ռուսաստանին մոտ: Տարածաշրջանում բոլշեւիկա-թուրքական իշխանությունը միայն ամրացել է: Երեւի ինքնապահպանման բնազդն է:

Ամենաընթերցվածը