Հայ-ռուսական հարաբերության հերթական ոչ բարեկամական ակտը

    • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 11:45
Հունիսին Ռուսաստանում ուժի մեջ մտավ օրենքը, որն արգելում է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալել ազգային վարորդական իրավունքներով: Օրենքը բոլորին պարտադրում է ստանալ ռուսական վարորդական իրավունք:

Եվրասիական հանձնաժողովը միանգամից դիմեց Ռուսաստանին, խնդրելով բացառություն անել ԵԱՏՄ երկրների համար: Եվ Ռուսաստանը միանգամից ընդունեց յուրահատուկ որոշում՝ Պետդուման բացառություն արեց միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենը հանդիսանում է պաշտոնական լեզու: Իսկ դա Կիրգիզիան, Ղազախստանն ու Բելառուս են: Այսինքն, բոլոր երկրները՝ Հայաստանից բացի:

Հնարավոր է Ռուսաստանը ուզում էր հիշեցնել, որ Հայաստանը չէր ցանկանում մտնել ԵԱՏՄ, վարչապետի մակարդակով հայտարարելով, որ չունի ընդհանուր սահման: Բայց չի բացառվում, որ Ռուսաստանը ուզում էր ընդգծել, ինչքան է ԵԱՏՄ-ն մշակույթով ու լեզվով օտար Հայաստանին: Հայաստանը չի տրվում Ռուսաստանի համոզումներին եւ չի ճանաչում ռուսերենը պետական լեզու:

Անցնող շաբաթ տեղի ունեցավ եւս մեկ հատկանշական իրադարձություն: Մոսկվան ու Թբիլիսին կարծես թե պայմանավորվել են, որ սկսելու են աշխատանքներ տրանսպորտային միջանցքների վերաբերյալ Պայմանագրի իրականացման համար: Ռուսաստանն ու Վրաստանը փորձում են պայմանավորվել բացել Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող ճանապարհները: Բայց Ռուսաստանը ցանկանում է ներգրավել Հարավային Օսիան, ինչը անընդունելի է Վրաստանի համար:

Աբխազիայի երկաթուղու բացումը փաստարկներից մեկն էր, որով Ռուսաստանը Հայաստանին «համոզեց» մտնել ԵԱՏՄ: Ռուս փորձագետները մի անգամ չէ որ հայտարարել ենմ, որ ընդհանուր սահմանի բացակայությունը խոչընդոտ չէ, քանի որ Ռուսաստանը շուտով կբացի աբխազական երկաթուղին:

Սակայն, դատելով ամեն ինչից, աբխազական երկաթուղու վերաբացման մասին խոսակցությունները բլեֆ են: Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը չպետք է հուսա Աբխազիայի երկաթուղու բացում: Իսկ ռուս փորձագետները սկսեցին ակնարկել, որ ճանապարհի բացմանն իբրեւ թե խոչընդոտում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այդ երկրներն իսկապես շահագրգռված են Հայաստանի շրջափակման շարունակությամբ, բայց շահագրգռվա՞ծ է արդյոք Ռուսաստանն այդ շրջափակման ճեղքմամբ:Եթե այո, ապա արդյո՞ք նա պատրաստ է գնալ զիջումների հանուն Հայաստանի հետ կապի:

Պետդուման նախորդ շաբաթ վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Քննարկումների ընթացքում Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել զորախմբի ղեկավարմանը մոտ չթողնել հայ սպաներին: Նա Հայաստանը հայտարարել է «Ռուսաստանի պաշտպանության երկրորդ էշէլոն»:

2015 թվականին, Պետդումայում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության քննարկմանը Ժիրինովսկին հայտարարեց. «1991 թվականին ամենից շատ ռուսների վտարել են հենց Հայաստանից: Այսօր դա ամենամիատար հանրապետությունն է: Բոլոր տեղերում կան ռուսներ եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանում՝ չկան»:

Ռուսաստանը չի թաքցնում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը որպես «ըստ պահանջի դաշնակցի»: Պատահական չէ, որ Հայաստանը երբեք չի լինում այն երկրների ցանկում, որոնց Ռուսաստանը ներում է միլիարդավոր պարտքերը:

Հայաստանն օգտագործվում է որպես Ռուսաստանի շահերի առաջմղման գործակալ: Ներկայումս եւ ԵԱՏՄ-ն, եւ ՀԱՊԿ գլխավորում են հայերը, որոնք «կայսրության» անունից բանակցում են մնացյալ աշխարհի հետ:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանը Ռուսաստանի համար մնում է օտար: Մինչ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը ելույթ էր ունենում Պետդումայում ընդդեմ նրանց, «ովքեր աշխարհում փորձում են խոսել ուժի դիրքերից», Հայաստանը մասնակցեց Ռոմինիայում ՆԱՏՕ զորավարժությանը, որոնք միտված են ռուսական ագրեսիայից Եվրոպայի պաշտպանոթյանը:

Ամենաընթերցվածը