Սարգսյան-Ալիեւ հանդիպման օրակարգը

    • Քաղաքականություն - 17 Հուլիսի 2017, 10:44

Սերժ Սարգսյանն Արմենիա ՀԸ Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում չի բացառել հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ, որն ըստ Սարգսյանի կարող է տեղի ունենալ աշնանը: Հանդիպման առաջարկն ինչպես հայտնի է կողմերին արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Նալբանդյան-Մամեդյարով հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ավելի վաղ՝ մի քանի շաբաթ առաջ համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում: «Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը.  առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ, ամիսներ առաջ, Սերժ Սարգսյանն այդպիսի հանդիպումների մասով հայտարարել էր, թե հանդիպման պատրաստ է միշտ, բայց եթե դրանք իմաստավորված են եւ այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն Ադրբեջանը հարգում է, ոչ թե շարունակում հրադադարի խախտումներն ու լարվածությունը շփման գծում:

Այս անգամ Սերժ Սարգսյանը կարծես թե չի խոսում այդ մասին եւ առնվազն հարց է առաջանում, թե արդյո՞ք Սարգսյանը պնդելու է «պայմանավորվածությունը հարգելու» հանգամանքը, թե՞ հայկական կողմի համար կարեւոր չէ՝ հանդիպմանը զուգահեռ Ալիեւը կշարունակի՞ մարդասպանությունը սահմանին, թե ոչ:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցն այդ մասով թողնում էր բավական տարօրինակ տպավորություն եւ նա կարծես թե հանդես էր գալիս ոչ թե որպես Հայաստանի նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար, այլ ղարաբաղյան խնդրով փորձագետ, որը փորձում է հանրությանը բացատրել Հայաստանի եւ Ադրեջանի իշխանության մոտեցումները եւ մոտիվները:

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ապրիլի պատերազմից հետո հայկական կողմի մոտեցումներում չի եղել դիրքորոշման փոփոխություն եւ նա գործնականում հաստատել է, որ Երեւանը շարունակում է լինել մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցության կողմնակից: Իհարկե այդ հարցում Սերժ Սարգսյանը չի ասում նոր բան եւ գործնականում ապրիլի պատերազմից հետո Հայաստանը ոչ միայն չի հրաժարվել մադրիդյան սկզբունքներից կամ դրանց հիման վրա կազմված կազանյան փաստաթղթից, այլ մայիսի 18-ին Հայաստանի նոր ԱԺ առաջ իր ելույթում Սերժ Սարգսյանը վերհաստատեց այդ «հավատարմությունը»:

Մադրիդյան սկզբունքներից հրաժարումն իհարկե ղարաբաղյան խնդրում Հայաստանի քաղաքականության ռազմավարական ասպեկտին առնչվող հարցն է, որի վերաբերյալ սակայն Հայաստանում չկիա քաղաքական կամ փորձագիտական էական բանավեճ կամ քննարկում, եզակի փորձագետների տեսակետներից բացի:

Մարտավարական առումով, ապրիլի պատերազմից հետո հայկական կողմը արեց նվազագույն անհրաժեշտ շեշտադրումը՝ ոչ մի բանակցություն, քանի դեռ չի երաշխավորված շփման գծում կայունությունն ու հրադադարը, քանի դեռ տեղակայված չեն հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմները:

Սերժ Սարգսյանն ասում է, որ համանախագահները առանձին-առանձին կարող են իրենց շահը պարտադրել Ադրբեջանին, բայց երբ նրանք միասին են, ապա այստեղ առկա են խնդիրներ:

Սարգսյանը գործնականում պարզորոշ մատնացույց է անում, որ հրադադարի պահպանման մեխանիզմի առումով Մինսկի խմբի համանախագահներն ունեն տարաձայնություն եւ նրանցից առնվազն որեւէ մեկը շահագրգռված չէ այդ մեխանիզմը Ադրբեջանին պարտադրելու հարցում:

Մնում է հասկանալ, թե ո՞վ է չշահագրգռվածը: Տրամաբանությունը հուշում է, որ հրադադարի երաշխավորման հարցում շահագրգռված չի կարող լինել այն համանախագահը, որը հսկայածավալ սպառազինություն է մատակարարում Բաքվին: Ինչու՞ պետք է Բաքուն ձեռք բերի միլիարդների սպառազինություն, եթե գիտե, որ դրա կիրառումը սահմանափակված է պատասխանատվության միջազգային մեխանիզմով: Ըստ այդմ, Բաքուն ռազմական որեւէ պատվեր չի տա Ռուսաստանին, եթե Ռուսաստանի օգնությամբ չապահովի նվազագույնը լոկալ կրակելու հնարավորությունը՝ եթե անգամ ինչ-ինչ պատճառներով չունի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի միջազգային լեգիտիմություն:

Ահա այդ համատեքստում հետաքրքիր է դառնում, թե աշնանն ինչպիսի՞ օրակարգ կարող է լինել Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, եթե այն լինի: Օրակարգում բանակցության առարկան Կազանի փաստաթուղթն է լինելու, թե՞ Վիեննայի օրակարգը՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման առաջնահերթ պահանջով: Ինչու՞ է Հայաստանը վերջին շրջանում, ի տարբերություն ապրիլի պատերազմից հետո ժամանակահատվածի, սկսել է քիչ եւ ոչ հստակ ու միարժեք խոսել մեխանիզմների տեղադրման անբեկանելի առաջնահերթության մասին:

Ամենաընթերցվածը