Մոսկվան կրկին բախվեց թաթարական խնդրին

    • Քաղաքականություն - 15 Հուլիսի 2017, 17:12
Կրեմլը պատրաստ է պահպանել Թաթարստանի նախագահի պաշտոնը մինչեւ հանրապետության ներկայիս ղեկավար Ռուստամ Միննիխանովի պաշտոնավարման ժամկետի ավարտը, մինչեւ 2020 թվականը: Բայց հետո Թաթարստանի նախագահի պաշտոնը կարող են չեղարկել, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Մոսկվայի եւ Կազանի միջեւ պայմանագիրն առաջին անգամ ստորագրվել է 1994 թվականին, իսկ 2007 թվականի հուլիսի 24-ին երկարաձգվել է եւս 10 տարով: Թաթարստանը դարձել է Ռուսաստանի Դաշնության միակ հանրապետությունը, որի ղեկավարը կոչվել է «նախագահ»:

Ռուսական ԶԼՄ-ները վերջերս հաղորդեին, որ Կրեմլը չի պատրաստվում երկարաձգել ընթացիկ պայմանագիրը Ռուսաստանի եւ Թաթարստանի միջեւ լիազորությունների բաշխման մասին:

Փաստացի, Մոսկվայի եւ Կազանի միջեւ կարող է տեղի ունենալ «ինքնության» կոնֆլիկտ: Բանն այն է, որ Ռուսաստանը համարվում է «սլավոնների եւ թաթարների» պետություն, եւ ընդհուպ 17-րդ դար, նույնիսկ Օրդայի անկումից հետո, թաթարական խաներն էին ռուս իշխաններին տալիս կառավարման իրավունք: Այդ կարգը չեղարկվեց միայն Պետրոս Առաջինի ժամանակաշրջանում:

Սակայն թաթարական մշակույթը, ինքնությունը պահպանվում են մինչ օրս եւ ունեն Ռուսաստանում «պետականաստեղծ նշանակություն»: Պատահական չէ, որ միայն Թաթարաստանի հետ է ստորագրվել պայմանագիր հատուկ կարգավիճակի եւ նախագահի առկայության մասին:

Մոսկվան մեկ անգամ չէ, որ փորձել է սահմանափակել Թաթարստանի լիազորությունները եւ դարձնել այն «շարքային» հանրապետություն, բայց ապարդյուն: Կամ այդ ամենի վրա ճնշում է պատմական իրավունքը, կամ ռուսները իսկապես «ասիացիներ են ոչ նեղ աչքերով», բայց Թաթարստանը մնում է հին Օրդայի ֆորպոստ եւ չի պատրաստվում հրաժարվել իր լիազորությունից: Ինչի՞ կարող է վերաճել Մոսկվայի եւ Կազանի հակադրությունը: Կրեմլը փաստորեն «հետաձգել» է հարցի լուծումը մինչեւ 2020 թվական:

Ամենաընթերցվածը