Թուրքիայում ՌԴ նոր դեսպանի խորհրդանշական ժամանումը

  • Քաղաքականություն - 15 Հուլիսի 2017, 11:27

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա: Հուլիսի 15-ին նա կմասնակցի մեջլիսի հատուկ նիստի աշխատանքներին՝ նվիրված ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդանավակայանում դեսպանին դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցը: Հավատարմագրերի պատճենների հանձնման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 17-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում էր նշանակել 2017 թվականի հունիսին: Դիվանագետն ավելի վաղ աշխատել է Եգիպտոսում, ինչպես նաև զբաղեցրել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել էր: Հանցագործը մի քանի անգամ թիկունքից կրակել էր դեսպանի վրա: Ոստիկանության գործողությունների արդյունքում մարդասպանը ևս սպանվել էր, հիշեցնում է Արմենպրեսը:

Ի դեպ, հետաքրքիր եւ խորհրդանշական է, որ Թուրքիայում ՌԴ նոր դեսպանը Անկարա ժամանում է փաստորեն հեղաշրջման փորձի տարելիցին ընդառաջ: Բանն այն է, որ նախորդ տարի հուլիսին տեղի ունեցած այդ փորձի կապակցությամբ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ հենց Ռուսաստանն է Թուրքիայի նախագահ Էրդողանին զգուշացրել հասունացած վտանգի մասին, ինչը Էրդողանին օգնել է խուսափել դրանից եւ թույլ չտալ ճակատագրական վրիպում: Ընդ որում, թեեւ այդ տեղեկությունը չի ստացել պաշտոնական հաստատում, այդուհանդերձ ուշագրավ է, որ Թուրքիան հեղաշրջման փորձի համար մեղադրում էր Արեւմուտքին, իսկ Ռուսաստանի ուղղությամբ անում էր դրական հայտարարություններ: Ընդ որում, հենց այդ փորձից հետո նաեւ նոր թափ ստացավ ռուս-թուրքական հաշտության գործընթացը, որ տեղի էր ունենում ռուսական օդանավի խոցումից հետո հայտնի գժտության վեցամսյա շրջանից հետո:

Ամենաընթերցվածը