Լավրովը «քաղաքական ապաստան» կխնդրի՞ Եվրոպայում

    • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 17:49
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարօրինակ այցերով եվրոպական երկրներում է:

Ավստրիայում, որտեղ Լավրովը մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, նրա հետ առանձին հանդիպել են Իտալիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները:

Հետո Բրյուսելում նա հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ոչ մի համաձայնություն կամ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Բեռլինում, որտեղ Լավրովն իր գերմանացի գործընկերոջ հետ պետք է փակեր ռուսական մշակույթի տարին, անհարմար դրություն է ստեղծվել. Զիգմար Գաբրիելն անսպասելի հայտարարել է, որ տաքություն ունի եւ չի հանդիպի Լավրովին: Չնայած նույն օրը նա հանդիպել է այլ պաշտոնյաների: Ռուս նախարարը ստիպված էր միայնակ փակել տարին:

Մոգերինին Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ նրան մի քանի տարի սպասել են Եվրոպայում: Դիվանագիտական լեզվից թարգմանելիս դա կարող է նշանակել, որ Լավրովին սպասել են մի քանի տարի առաջ, երբ բռնկվում էր ուկրաինական ճգնաժամը: Հիմա, երբ եվրատլանտյան հանրություն արդեն սահմանել է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, Լավրովին ոչ ոք չի սպասում Եվրոպայում:

Ինչու՞ է Լավրովը Եվրոպա գնացել: Դատելով ոչ կառավարական լսարանների առաջ ելույթներից՝ Լավրովին հանձնարարել են վերջին անգամ «խաղաղություն փնտրել» Եվրոպայի հետ: Նա խոսել է այն մասին, որ համագործակցությանը վերադառնալու հնարավորություն դեռ կա, հայտարարել է, որ եթե Եվրոպան հաշտության գնա, Ռուսաստանը պատրաստ է շատ արագ անցնել ճանապարհի իր հատվածը:

Եվրոպան, ըստ ամենայնի, ամեն ինչ որոշել է արդեն: Լավրովի անփառունակ այցերն էլ եվրոպական մայրաքաղաքներ հիշեցնում են «քաղաքական ապաստանի» հայցում:

Լավրովին անտեսելը կարող է նշանակել Պուտինի անտեսում: Ինքը՝ Լավրովը, համաշխարհային քաղաքականությունում շատ մեծ հեղինակություն է վայելում որպես դիվանագետ եւ բանակցող, սակայն հիմա, երբ Պուտինը դեռ չի հայտարարել 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին, Լավրովին եւ ԱԳՆ քաղաքականությունը դիտարկում են այդ խնդրի համատեքստում:

ԱՄՆ-ն ու Եվրոպան որոշում են կայացրել Ռուսաստանի ու Պուտինի հաշվով: Լավրովը, որպես հմուտ ու իրազեկ գործիչ, գիտե այդ որոշման մասին: Էլ ինչու՞ վերադառնա Ռուսաստան: 

Ամենաընթերցվածը