Ով է կանգնեցրել պատերազմը

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 14:45
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմը դադարեցվել է ՌԴ-ի շնորհիվ։

«Ինձ զանգահարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ այդ «գործը» պետք է վերջացնել` երկրի ղեկավարությունն այդ մասին խոսելու է։ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը զանգահարել է մեր ԳՇ պետին», ասել է նա։ Հետո պարզվել է, որ Հայաստանն ուզում էր օգտվել իրավիճակից ու անցնել հակահարձակման:

Հիշվում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատերազմի օրերին հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայերը կանգ առնեն եւ առաջ չգնան: Դա այն պահն էր, երբ հայկական բանակը կանգնեցրել էր Ադրբեջանի հարձակումը եւ անցել հակահարվածի: Եթե Հայաստանը կրակը դադարեցնելու համար դիմած լիներ Մոսկվային, արդյոք Ալիեւը նման հայտարարություն կաներ:

Ապրիլյան պատերազմը պատված է խորհրդավորության մի քանի շերտերով, այդ թվում նաեւ «զինադադարը», երբ տեղեկություն եղավ, թե դրա շուրջ Մոսկվայում պայմանավորվել են ՀՀ եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե տեղյակ չէ այդ պայմանավորվածությունների մանրամասներից: Եթե Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չէ ԳՇ պետի պայմանավորվածությունից, նշանակում է կամ այդպիսի հանդիպում չի եղել, կամ ԳՇ պետը գործել է լիովին «ավտոնոմ» ռեժիմում:

Ի դեպ, ապրիլյան պատերազմի օրերին գրեթե անուշադրության մատնվեց այն տեղեկությունը, որ երկու երկրների նախագահներին զանգահարել էր ԱՄՆ փոխնախագահը, որից հետո էլ Ալիեւն արել էր այդ հայտարարությունը:

Ամենաընթերցվածը