Նախատեսված չի եղել, որ դա տրանզիտ է լինելու Հայաստանի համար

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 14:08
Վրացագետ Ալիկ Էրոյանցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Աբխազիայով և Հարավային Օսիայով ճանապարհային հաղորդակցության վերականգնման շուրջ ծավալված քննարկումներին:

Հայտնի էր դարձել, որ Պրահայում Ռուսաստանի և Վրաստանի միջև քննարկվել է 2011 թվականին  կնքված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչման հարցը: Հայկական կողմը սա այլընտրանքային ճանապարհ է դիտարկում, ՀՀ տրանպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը հույս ունի, որ շուտով Ռուսաստանի ու Վրաստանի միջև Աբխազիայով ու Հարավային Օսիայով հաղորդակցությունը կվերականգնվի:

Բայց Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն ի պատասխան հայտարարել էր, որ խոսակցություն չկա լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտան Հայաստանին հուսալ Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հարցում:

Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ այս ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն կա, բայց դեռ վաղ է խոսել այդ ճանապարհի՝ որպես Հայաստանի համար այլընտրանքի մասին: Փուլային աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել այն իրավիճակին, որ այդ ճանապարհը բացելու դեպքում նաև Հայաստանը օգտվի դրանից: Բայց կարճաժամկետում հեռանկարում, ըստ մասնագետի, դա հնարավոր չէ:

Վրացագետը հիշեցնում է, որ 2011 թվականին տվյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել Վրաստանի ու Ռուսաստանի միջև՝ Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցով Վրաստանի տված համաձայնության շրջանակներում:

Վրացական կողմը հենց այդ պահանջն էր դրել, որ ռուսական կողմը համաձայնվեր, որպեսզի այդ միջանցքը, որն անցնելու է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով, բացվեր, այդտեղ տեղակայվեր երրորդ կողմ: Մասնավորապես, քննարկվել էր շվեյցարական ընկերության ներկայությունը, որը հենց բեռնափոխադրումների հետ կապված մոնիթորինգային աշխատանքները պետք է իրականացնի:

«Պայմանավորվածութունը վերաբերելու էր Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային փոխադրումներին: Այն ժամանակ պայմանավորվածությամբ նախատեսված չի եղել, որ դա տրանզիտ է լինելու Հայաստանի բեռների համար, թեև ոչ ոք չի հերքել, որ եթե Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկկողմանի պայմանավորվածությունը տեղի ունենա, և վերաբացվի այդ միջանցքը, դրանից հետո հավանականություն կա, որ այն տրանզիտային այլընտրանք կարող է դիտարկվել նաև Հայաստանի համար: Դա հետագայում նոր պայմանավորվածության արդյունք կարող է լինել: Բայց այս պահին դիտարկել, որ դա մեզ համար մոտ ապագայում կլինի, իրատեսական չէ», ասաց նա:

Ալիկ Էրոյանցի խոսքով՝ ռուսական ու վրացական կողմերը դեռ բանակցությունների փուլում են, եկել են համաձայնության, որ բանակցություններն ավարտին հասցնեն այդ կոնկրետ պայմանավորվածության շրջանակներում: Դա երկարատև գործընթաց է, այդ համաձայնագրերը և ռուսական, և վրացական կողմերը պետք է կնքեն երրորդ՝ շվեյցարական ընկերության հետ, որից հետո կսկսվի արդեն գործնական փուլը: Դրանից հետո նոր միայն կարող է այդ տարածքը դիտարկվել տրանզիտ դեպի Հայաստան եկող բեռների համար:

Մասնագետը նաև հիշեցնում է, որ քաղաքական առումով խնդիր կա Ռուսաստանի և Վրաստանի միջև: Այդ հարցերն էլ պետք է հարթվեն: «ՌԴ արտգործնախարար Լավրովը վերջին օրերին գոհունակություն հայտնեց, որ Աբխազիան ու Հարավային Օսիան ևս դեմ չեն: Բայց դա չի նշանակում, որ Հարավային Օսիան ու Աբխազիան անպայման պետք է մասնակցեն այդ ծրագրին, ինչի դեպքում Վրաստանը կտրականապես կհրաժարվի դրա իրագործելուց»,- ասաց նա:

Մյուս կողմից, վրացագետը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ու Թուրքիայի գործոնի վրա: Նրա խոսքով՝ ցանկացած ծրագիր, համագործակցություն, որտեղ դիտարկվելու է Հայաստանի շահը, միանշանակ այդ երկրներն ամեն ինչ անելու են, որ խոչընդոտեն:

«Հաստատ Վրաստանի վրա այդ երկրները մեծ ազդեցություն ունեն: Բաց թե որքանով դա նրանց կհաջողվի, դժվար է ասել: Ամեն դեպքում, տվյալ միջացքի բացումը տնտեսական առումով բխելու է բոլոր կողմերի շահերից՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Հարավային Օսիա, Աբխազիա, ինչու ոչ, նաև Իրան: Բաց այստեղ կա քաղաքական շահերի բախման խնդիր, ինչի պատճառով էլ մոտ 6 տարի այդ ամենը հետաձգվել է», ասաց նա:

Ամենաընթերցվածը