Ռուսաստանի հերթական զավեշտալի որոշումը

  • Քաղաքականություն - 14 Հուլիսի 2017, 11:13
Ռուսաստանի Պետական դուման հաստատել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում մասնավորապես ասվում է.

«1995թ. դեկտեմբերի 10-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ. «Սույն կետի դրույթները չեն տարածվում Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ընդունված է որպես պաշտոնական լեզու, երբ տվյալ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացնում են ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն, որն անիջականորեն կապ ունի տրանսպորտային միջոցների շահագործման հետ»։

Մյուսների համար Ռուսաստանում կարգ է մտցվել՝ եթե այլ երկրների, այդ թվում ԵՏՄ անդամ, քաղաքացիները ՌԴ-ում զբաղվում են տրանսպորտային գործունեությամբ, ապա վարորդական ազգային վկայականները չեն անցնում, եւ պետք է քննություն տան համապատասխան վկայական ստանալու համար:

Պետդումայի այս որոշումը տրագիկոմեդիա է իր էությամբ: Եթե խնդիրը այլ երկրների քաղաքացիների տրանսպորտային գործունեության կարգավորումն է ՌԴ տարածքում, ինչ կապ ունի, թե այդ երկրներում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, թե ոչ: Եթե խնդիրը լեզվի իմացությունն է, ապա նույնպես կապ չունի այդ հանգամանքը: Օրինակ, հաստատ կլինեն բազմաթիվ ղրղըզներ, որոնք ռուսերենին այնքան էլ լավ չեն տիրապետում: Փոխարենը, կարող է լինել ՀՀ քաղաքացի ռուս, որը շատ լավ գիտե իր մայրենի լեզուն, բայց պետք է վերաքննություն տա, ըստ նոր կարգի:

Ռուսաստանի այս որոշումը լիովին արտահայտում է այդ երկրի ներկայիս իրավիճակը, երբ ողջախոհությունը տեղը զիջել է անհեռանկար ու քայքայման տանող մանր «կայսերականությանը»: Դա արդեն նույնիսկ կայսերականություն էլ չէ, այլ տնազ, ու երեւում է՝ անկասելի անկման նշան:

Ամենաընթերցվածը