Սերժ Սարգսյանի պատասխանն Ալիեւին

    • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 16:33
Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին այցելել է Տավուշի մարզ, եղել սահմանային դիրքերում, զորամասում: Սերժ Սարգսյանը նաեւ հարցազրույց է տվել Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարին: Այդ ամենում առանձնահատկությունը թերեւս այն է, որ Սարգսյանն ամեն ինչ արել է զինվորական հանդերձանքով՝ կամուֆլյաժով, ընդգծելով Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը:

Դեռեւս պարզ չեն նրա հարցազրույցի մանրամասները, բայց ինքնին փաստը, որ առանց այդ էլ հազվադեպ հարցազրույցով հանդես եկող Սարգսյանը դա անում է կամուֆլյաժով, խոսուն է: Հարցազրույցի ընթացքում նա անկասկած շոշափած կլինի թե ներքին, թե արտաքին խնդիրներ, այդ թվում իր հետնախագահական ճակատագրին առնչվող հարցեր: Եվ այստեղ արտաքինն ու ներքինն իհարկե կարող են լինել սերտորեն շաղկապված, մեկը մյուսից բխող եւ մեկը մյուսին «օգնող»:

Այդ իմաստով, կամուֆլյաժն ու ԳԳՀ կարգավիճակի ընդգծումը դառնում է դեռեւս մարտի 25-ին՝ Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում Արցախում արած հայտարարության շարունակություն, որ երբեք չի պլանավորել իր վաղվա օրը, բայց միշտ եղել է այնտեղ, որտեղ պահանջել է անվտանգությունը:

Ըստ այդմ, Տավուշ այցով Սերժ Սարգսյանը փաստորեն վերահաստատում է, որ 2018-ից հետո իր քաղաքական ծրագրերի առանցքային շարժիչ դիտարկում է անվտանգության բաղադրիչը եւ մտադիր է այն ծառայեցնել այդ ծրագրերին հնարավորինս մեծ ծավալով:

Դա նշանակում է թե ներքին, թե արտաքին դաշտում դրա լայնածավալ կիրառում:

Եվ այդ իմաստով ուշագրավ է նաեւ, որ Սարգսյանը կամուֆլյաժով հանդերձավորվում եւ ԳԳՀ կարգավիճակի ցուցադրություն է կազմակերպում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից, Սարգսյան-Ալիեւ հանդիպման առաջարկ ստանալուց եւ Աիեւի հայտարարությունից հետո, թե Բաքուն մերժել է հայկական կողմի նախապայմանն ու բանակցությունը սկսել է առանց դրա:

Սերժ Սարգսյանի կամուֆլյաժն ինչ որ իմաստով պատասխան է Ալիեւին, հնարավոր է նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Պատասխանն անկասկած բազմաշերտ ու խայտաբղետ է, ինչպես կամուֆլյաժը: Թեեւ, Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության ոճը խոշոր հաշվով միշտ է եղել այդպիսին՝ խայտաբղետ-կամուֆլյաժային, որտեղ շատ դժվար է եղել նշմարել գերիշխող ուղղությունն ու գիծը:

Սերժ Սարգսյանի քայլում հստակ է մի բան, որ նա ցույց է տալիս «կռվելու» պատրաստակամությունը, միայն թե պարզ չէ՝ կռվելու 2018-ի իր պլանների՞ համար, որոնք չեն արժանանում միջազգային լեգիտիմության, թե՞ բառի բուն իմաստով դիմակայելու Ադրբեջանի ծավալապաշտությանն ու ռազմական նկրտումներին եւ «կռվելու» շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմները կամ այլ կերպ ասած Վիեննայի օրակարգը հաստատելու համար:

Ամենաընթերցվածը