Թուրքիայի մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը քննարկման է դրվել սահմանադրական հանձնաժողովում

  • Քաղաքականություն - 13 Հուլիսի 2017, 10:48
Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտնել է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին: Մեջլիսի սահմանադրական ենթահանձնաժողովը մինչև հուլիսի 13-ի երեկո կամփոփի աշխատանքները, իսկ հուլիսի 14-ին առաջարկը կրկին կներկայացվի սահմանադրական հանձնաժողովին: Ենթահանձնաժողովն ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից՝ մեկական քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երկուսն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից և հինգն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» է ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:

Բացի այդ, ըստ փոփոխությունների պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

«Որպես Թուրքիայի հայ՝ ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտության մասին իմ երկրի խորհրդարանում խոսվի: Եթե Թուրքիան արգելի դա, իսկ մյուս խորհրդարաններում այս մասին խոսեն, դա ինձ շատ կվշտացնի: Իհարկե, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լավ նպատակով՝ խոսելով այս ցավի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որևէ խորհրդարանում այս ցավի մասին խոսվի, և դա կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կխոսեն այս մասին»,- ասել է Գարո Փայլանը:  

Հիշելով իր հետ 2017 թվականի հունվարին կատարվածը՝ նա նշել է, որ իր նպատակն այդ ժամանակ նախազգուշացնելն էր՝ հեռու մնալու անցյալի սխալների կրկնումից: «Այսօր այն մարդիկ, ովքեր այս օրենքն են կազմել, ինձ լինչի դատաստանի ենթարկեցին «ցեղասպանություն» եզրույթի համար, հեռացվեցի մեջլիսի 3 նիստի աշխատանքներից: Այսօր ներկայացվող բանաձևում դա նշվում է որպես «վիրավորանք թուրք ժողովրդի նկատմամբ»: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հասարակությունը բազմալեզու է և բազմէթնիկ: Հենց այդ պատճառով էլ կարևոր է մեջլիսում խոսելն ու կատարվածին իրական անուն տալը: Եթե չխոսենք, նույն սխալներն էլի կկրկնենք»,- ընդգծել է նա:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Ամենաընթերցվածը