Ինչ որ բա՞ն է փոխվել

  • Քաղաքականություն - 12 Հուլիսի 2017, 23:51
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանը բնակցությունների նախապայմաններ է դրել: Ադրբեջանը չի ընդունել դրանք, բանակցությունները վերսկսվել են, ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում տեսակետներ են հնչում, որ ներկայում խնդրի լուծման ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական հնարավորություններ կան:

Ալիեւի խոսքը բազմանշանակ է, որը կարող է ընկալվել նաեւ այնպես, որ Հայաստանը հրաժարվել է իր նախապայմաններից: Ալիեւին արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշելով, որ Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: «Բրյուսելյան հանդիպումն ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս: Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար», ասել է նա:

Շավարշ Քոչարյանի պատասխանն էլ բազմանշանակ է, եւ կարող է տպավորություն թողնել, որ Հայաստանն իսկապես մեղմացրել է իր դիրքորոշումը:

Ի դեպ, Բրյուսելի հանդիպման արդյունքներով ընդունված Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ չեն հիշատակվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ի տարբերություն նախորդների:

Հնարավոր է՝ միջնորդները փորձում են քիչ ինչ մեղմել կողմերի հռետորաբանությունը հուլիսի 4-ի միջադեպից ու դրան միջազգային լայն արձագանքից հետո, լարվածությունը մեղմելու նպատակով:

Մյուս կողմից, հուլիսի 4-ի միջադեպը կարծես թե դառնում է տարածաշրջանում ինչ որ զարգացումների «մեկնակետ»: Էրդողանն Ալիեւի հետ հանդիպումից հետո Թվիթերում գրում է նրա հետ եղբայրության մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ այդ գրառումը հետեւել է ինչ որ բարդ ու տհաճ խոսակցության, որը կարող են ունենալ եղբայրները:

Ռուսաստանը նորագույն հեռահար հրթիռներ է մատակարարում Ադրբեջանին, միեւնույն ժամանակ երկու լուրջ հարված հասցնելով. նախ ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին մեղադրում է իր հայ քաղաքացիների հանդեպ խտրականության մեջ, ապա ՌԴ ՖՍԲ-ն հայտարարում է Արցախի սահմանը Իրանից հնարավոր ներթափանցումից պաշտպանելու մասին, փաստացի «ճանաչելով» այդ սահմանը:

Իրանն իր հերթին հայտարարում է տարածաշրջանում երրորդ երկրների զորքերի մուտքը բացառելու եւ երրորդ երկրների հրահրած լարումների մասին:

Ի տարբերություն Ղարաբաղյան գործընթացի շահագրգիռ այլ կողմերի, Ռուսաստանի գործողություններում վերջին օրերին կարծես թե գործնական ակտիվություն է նկատվում թե ռազմա-քաղաքական, թե քարոզչական առումներով: Ինչպե՞ս դա կանդրադառնա շփման գծում իրավիճակի վրա:

Ամենաընթերցվածը