Ռուսաստանը դադարեցնում է համագործակցությունն ԱՄՆ հետ Սիրիայի օդային տարածքում

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 16:18
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ հետ համագործակցությունը Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագրի շրջանակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստնաի Պաշտպանության նախարարությունը:

Նշված է, որ Սիրիայում Եփրատից արևմուտք ընկած տարածքներում «միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը վերահսկվելու են Ռուսաստանի ՀՕՊ կողմից»: Ռուսաստանը որոշել է այս քայլին գնալ սիրիական Սու-22 ռմբակոծիչի ոչնչացումից հետո:

Ռուսաստանը ԱՄՆ ավիացիայի կողմից սիրիական ինքնաթիռի ոչնչացումը որակել է որպես «ռազմական ագրեսիա Սիրիայի Արաբական Հանրապետության հանդեպ»:

Նշվում է, որ հարձակման պահին Սիրիայի օդային տարածքում աշխատում էին ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, սակայն կոալիցիայի հրամանատարությունը չի օգտագործել ռուսական և ամերիկյան բազաների միջև գործող կապի ալիքը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ այս քայլը դիտարկում են, որպես միջադեպերի կանխարգելման շրջանակում պարտավորությունների դիտավորյալ չկատարում: 

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ սիրիական ինքնաթիռը ոչնչացվել է, որովհետև ռումբեր էր նետում Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերի վրա, որոնք Վաշինգտոնի դաշնակիցն են:

Ամենաընթերցվածը