Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի ուշագրավ «սինքրոնը»

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 14:52
ՌԻԱ Նովոստին, հղում անելով կատարական QNA գործակալությանը, հայտնում է, որ հանգստյան օրերին Կատարի արտգործնախարարի հետ է հանդիպել Իրանի արտգործնախարարի օգնականը, որը Կատարի Էմիրին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:

Գործակալությունը նշում է, որ Կատարի շուրջ ճգնաժամից հետո, որ առաջացավ արաբական մի շարք երկրների դեմարշի պատճառով, Իրանի ԱԳ նախարարի օգնականը առաջին իրանցի պաշտոնյան է, որ այցելում է Կատար:

Հասան Ռոհանիի ուղերձի բովանդակության մասին չկա որեւէ մանրամասն, սակայն ուղերձի փաստն ինքնին հետաքրքիր է նաեւ Հայաստանի տեսանկյունից:

Բանն այն է, որ հանգստյան օրերին Կատարի արտգործնախարարի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը եւ Կատարի Էմիրին փոխանցել Սերժ Սարգսյանի ուղերձը:

Ստացվում է հայ-իրանական հետաքրքիր «սինքրոն» գործողություն: Թե որքանով է այն համաձայնեցված, բնականաբար շատ դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ դրանք տեղի են ունենում գրեթե համաժամանակ:

Ի դեպ, Կատարի ճգնաժամի սկզբից նշվում էր, որ արաբական երկրները Դոհայի հանդեպ դեմարշն իրականացրել են հենց Իրանի հետ հարաբերության պատճառով, Կատարին մեղադրելով Թեհրանի հետ այսպես ասած «սեպարատ» գործակցության համար:

Ամենաընթերցվածը