Լոնդոնում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, զոհվել է մեկ, վիրավորվել` տասը մարդ

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 11:26
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սքոթլենդ-յարդի կողմից հունիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մեկ մարդ զոհվել է տեղում: Այդ միջադեպի հետեւանքով տուժածներից ութը տեղափոխվել են երեք տարբեր հիվանդանոցներ, եւս երկու տուժածների օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում»,- նշվում է բրիտանական մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ: Սքոթլենդ-յարդում նաեւ տեղեկացրել են, որ հարձակումը կատարած անձին, որպես նախազգուշական միջոց, ուղարկել են հիվանդանոց, բայց հետազոտությունից հետո նա կալանքի տակ կվերցվի: Առաջիկայում կստուգվի նրա հոգեկան առողջության վիճակը: «Այդ միջադեպի հետաքննությամբ զբաղվում է հակաահաբեկչական ստորաբաժանումը»,- հավելել է մայրաքաղաքի ոստիկանությունը: Բեռնատարը ժամը 00:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:20-ին) մարդկանց վրաերթի է ենթարկել Լոնդոնի հյուսիսարեւելյան մասի Ֆինսբերի-պարկ շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ մեծ թվով մուսուլմաններ վերադառնում էին գիշերային նամազից հետո:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը Լոնդոնում տեղի ունեցած միջադեպը համարել է իսլամատյացության աղաղակող դրսեւորում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Խարուն Խանը կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: «Ոստիկանությունը հաստատել Է, որ այդ միջադեպը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն: Ես արտակարգ նիստ կանցկացնեմ»,- ասել է նա: Մեյը ցավակցություն է հայտնել տուժածներին ու նրանց ընտանիքներին: «Իմ բոլոր մտքերը նրանց հետ է, ովքեր վերքեր են ստացել, ու նրանց մերձավորների»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը