Իրանը վեց բալիստիկ հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա. Fars

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 10:40
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր բաղադրիչը) վեց հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք մեծ ճշգրտությամբ խոցել են թիրախները: ԻՀՊԶ-ի օդատիեզերական ուժերի կողմից հասցված հրթիռային հարվածի այս մանրամասները հայտնել է Fars գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ «միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռներ են արձակվել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Սիրիայի Դեր Զորի շրջանում, դրանք կտրել-անցել են Իրաքի օդային տարածությունը եւ բարձր ճշգրտությամբ խոցել առաջադրված թիրախները»:

Զորակազմի հրամանատարության՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջին հեռահարության «երկիր - երկիր» դասի հրթիռներն արձակվել են Քերմանշահի եւ Քրդստանի նահանգներում զորակազմի ռազմակայաններից: «Ի պատասխան ահաբեկիչների հանցագործությունների, որոնք խորդադի 17-ին (իրանական օրացույցով ամսաթիվ, որը համապատասխանում է հունիսի 7-ին) կատարվեցին Թեհրանում, «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների կուտակումներին, նրանց հրամանատարական կետերին եւ ապահովման կետերին Սիրիայի արեւելքի Դեր Զորի շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

Հունիսի 7-ին ահաբեկիչների խմբերը հարձակում են գործել Թեհրանում Իրանի խորհրդարանի եւ Իրանի մայրաքաղաքի մերձակայքում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Այդ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 18 մարդ, շուրջ 50 հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը