Մակրոնի կուսակցությունը դաշնակիցների հետ բացարձակ մեծամասնություն է ստացել Ազգային ժողովում

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 10:30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները: 

Այսպես, վերջնական արդյունքների համաձայն՝ այդ կուսակցությունն ունի 308 տեղ խորհրդարանի 577-տեղանոց ստորին պալատում, «Դեմոկրատական շարժումից» նրա կենտրոնամետ դաշնակիցները կունենան 42 տեղ:   

Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն «Հանրապետականներից» աջերը (113 տեղ)՝ «Դեմոկրատների եւ անկախների դաշինքից» կենտրոնամետ աջերի (18 տեղ) հետ միասին: Բացի այդ, եւս  վեց տեղ ունեն աջերի այն ներկայացուցիչները, որոնք «Հանրապետականների» կազմում չեն:

Սոցիալիստները կարող են 29 տեղի հույս ունենալ, «Չհնազանդված Ֆրանսիայից» ծայրահեղ ձախերը եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ եւ շարժումներ:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է դարձել Ֆրանսիայի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ամենաընթերցվածը