Մինսկի խմբի անակնկալն Ադրբեջանին

  • Քաղաքականություն - 19 Հունիսի 2017, 09:17
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանում են Բաքու։ Ավելի վաղ նրանք եղել էին Երեւանում ու Ստեփանակերտում:

Ադրբեջանն այսօր լայնածավալ զորավարժություններ է սկսում, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։ Պայմանները մոտ կլինեն մարտականին։ Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է այդ երկրի ՊՆ-ն։

Մինսկի խմբի համանախագահների այցից ու զորավարժություններից առաջ Ադրբեջանը հունիսի 16-ին գնդակոծեց հայկական դիրքերը ՊԲ կենտրոնական ուղղությամբ, որի հետեւանքով զոհվեցին հայ զինծառայողներ: Ադրբեջանը պատրաստվում է Մինսկի խմբի համանախագահներին ասել, որ դա եղել է պատասխան գործողություն:

Այսպիսով, Ադրբեջանը փորձում է շրջել իրավիճակն այն բանից հետո, երբ նախորդ անգամ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց հայկական ՀՕՊ համակարգի դեմ կրակոցներից հետո. ՄԽ-ն հայտարարեց, որ սկսել է Ադրբեջանը, Հայաստանը պատասխանել է:

Մյուս կողմից, հայկական դիրքերին հարվածելով զորավարժությունից առաջ, Ադրբեջանը հույս ունի, որ դրանց ընթացքում հայկական կողմը նպատակահարմար չի գտնի պատասխանելու, քանի որ իր զորքը բերված է մարտական պատրաստության:

Հունիսի 16-ի գործողությունը սակայն խորքային այլ նպատակ ունի, որի էությունն առայժմ պարզ չէ: Ադրբեջանը գտնվում է բավական աննպաստ քաղաքական ու տնտեսական իրավիճակում, եւ շատերն այս գործողությունը կապում են հենց այդ հանգամանքի հետ, ըստ որի՝ Բաքվի իշխանությունները փորձում են սեփական հանրության ուշադրությունը շեղել այդ խնդիրներից:

Բացի այդ, խոսվում է այն մասին, որ Բաքուն շարունակում է շանտաժի իր քաղաքականությունը:

Սակայն չի բացառվում, որ ներկայում սրանք խնդրի «հարակից» կողմն են: Բանն այն է, որ ներկայում որոշակի նոր հանգամանքներ են առաջացել, որոնք կարող են փոխել այդ թվում ղարաբաղյան խնդրի «կարգավորման» տրամաբանությունը: Ադրբեջանում դա զգացել են, եւ հունիսի 16-ի գործողության միջոցով մի կողմից փորձում են «խառնել» իրավիճակը, մյուս կողմից փորձելու են հասկանալ, թե որքանով է իրականանալի այդ նոր տրամաբանությունը:

Ըստ ամենայնի, Մինսկի խմբի այցի ժամանակ Ադրբեջանին անակնկալ է սպասվում, եւ Բաքվի իշխանություններին վերջնականապես հայտնելու են, որ թե «կարգավորման», թե հնարավոր նոր պատերազմի հարցում Ադրբեջանի պահանջներն այլեւս ակտուալ չեն:

Ամենաընթերցվածը