Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ

  • Քաղաքականություն - 18 Հունիսի 2017, 15:34
Երեւան է այցելել Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ հանդիպել Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին: Խոսվել է Հայաստանի գազի կայուն մատակարարման ու Գազպրոմի ինչ որ սոցիալական ծրագրերի մասին:

Սոցիալական ծրագիրն ըստ էության Գազպրոմ Արմենիայի աշխատողների համար համալիրի կառուցումն է ընկերության հարեւանությամբ:

Գազը կայուն մատակարարվում է, սահմանին Հայաստանը գազը ստանում է աշխարհում ամենացածր գներից մեկով, բայց սահմանից այս կողմ տեղի է ունենում ամենահետաքրքիրը՝ թանկանում է գրեթե կրկնակի: Ոչ Գազպրոմի, ոչ էլ տեղական չինովնիկները այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել այս երեւույթին: Եղած բացատրություններն էլ զավեշտալի են եղել, օրինակ՝ որ սնդիկի սյան ցուցանիշը Հայաստանում տարբեր է:

Սահմանից այս կողմ գազի գնագոյացման խնդիրը մնում է մի քանի փակի տակ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ եղավ այդ հարցի քննարկմանը եւ արագորեն փակեց թեման: Երեւում է՝ հետաքրքիր բաներ էին բացահայտվել, այդ պատճառով:

Հայաստանն ու Ռուսաստանն ունեն գազային պայմանագիր, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 2013-ի դեկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է մինչեւ 2043 թ. դեկտեմբերի 31-ը: Այդ պայմանագրում կա մի դրույթ, ըստ որի՝ «մինչեւ 2043-ի դեկտեմբերի 31-ը հայկական կողմը երաշխավորում է, որ չի ընդունի որեւէ օրենք, հրամանագիր կամ իրավական որեւէ ակտ, որը ոտնահարում է Գազպրոմի իրավունքներն ու շահերը»:

Շատերն այս պայմանագիրը գնահատել են նվաստացուցիչ ու ստրկական: Բանն այն է, որ Գազպրոմի շահերին կարող է շատ բան հակասել, այդ թվում այնպիսի բաներ, որոնք բխում են Հայաստանի շահերից:

Միլլերի այցից մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում խոշոր ներդրումներ կատարելու մասին, նշելով նաեւ կոնկրետ թիվ՝ 8 միլիարդ դոլար: Միլսը վերջերս նաեւ ասել է, թե այս հարցով շարունակում է բանակցությունը վարչապետի հետ:

Դա ավելի մեծ թիվ է, քան խոստացել է Կարեն Կարապետյանի «ներդրողների փակ կլուբը», եւ ավելի իրական, քան հայ ժողովրդի փրկիչ Գագիկ Ծառուկյանի հռչակած բուտաֆորիկ թիվը:

Հայկական կողմը քար լռություն է պահում դեսպանի այս հայտարարության կապակցությամբ, թեեւ թե ներդրումների չափը, թե ոլորտը չափազանց կարեւոր են Հայաստանի համար՝ թե դիվերսիֆիկացիայի, թե տեխնոլոգիական զարգացման ու մրցունակության առումով, այն էլ ներկայիս իրավիճակում, երբ պաշտոնյաների իսկ խոստովանությամբ, երկիրը փաստացի գտնվում է դեֆոլտի շեմին: Եվ թվում է՝ իշխանությունն անմիջապես պետք է «բռներ» դեսպանին ու ստիպեր գործի վերածել խոսքը:

Բայց քար լռություն է, եւ պատճառն էլ հասկանալի է՝ չանել որեւէ բան, որը հակասում է Գազպրոմի, այն է՝ Ռուսաստանի շահերին: Իսկ «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը Ռուսաստանում պաշտոնապես հռչակվել է ազգային անվտանգության սպառնալիք:

Միլլերը թերեւս փորձել է պարզել՝ մերոնք ինչ են բանակցում ամերիկացիների հետ, կամ բանակցում են արդյոք, թե ոչ: Կամ էլ, մերոնք որեւէ արձագանք տալուց առաջ փորձել են հասկանալ՝ դա կհակասի՞ Գազպրոմի շահերին, թե ոչ:

Ամենաընթերցվածը