Ի՞նչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հրաժարվի Մինսկի խմբի ձեւաչափից

    • Քաղաքականություն - 17 Հունիսի 2017, 16:53
Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է հայ զինվորների սպանությունը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը պնդում է, որ սա Ադրբեջանի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը: Սակայն սա միայն պատասխան չէ, այլ նաեւ մարտահրավեր ու շանտաժ:

Հնարավոր է, որ Ադրբեջանը լարելու է իրադրությունը, որ հասնի գլխավոր նպատակին՝ Մինսկի խմբի կողմից պատժամիջոցներին եւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցություններից հրաժարվելուն: Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին կամ լիակատար հուսահատության մեջ լինելով, կամ էլ երկրներից մեկի երաշխիքով, որ բանակցություններն այլ ձեւաչափ տեղափոխվեն:

Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ ԵԱՀԿ միակ գրասենյակը Հարավային Կովկասում մնա Ստեփանակերտինը: Երեւանի գրասենյակի փակումից հետո Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին կտրուկ քայլերի է սադրում, որ հրաժարվի վերջինիս ծառայություններից:

Միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի վերջերս հասցեական հայտարարություն է արել՝ մեղադրելով Ադրբեջանին հրադադարի համաձայնագրի խախտման մեջ: Բացի այդ, Եվրախորհրդարանն ու ԱՄՆ Պետդեպը հայտարարություններ ու բանաձեւեր են ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Երեկ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Վրաստանում առեւանգված լրագրող Աֆղան Մուխթարլըի իրավունքները:

Մուդիս գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի եւս 4 բանկ դեֆոլտի եզրին են: Եվրոպական դատարաններն էլ սպառնում են, որ սնանկացած Միջբանկի վարկատուներին թույլ կտան իրենց երկրներում կալանել բանկի սեփականությունը:

Օրերս կայացել են ադրբեջանա-թուրք-վրացական եւ ադրբեջանա-վրացական զորավարժություններ: Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել պայմանագրով նախատեսված սպառազինությունը եւ չի աջակցում Ղարաբաղում զսպման մեխանիզմների ներդրմանը:

Ի՞նչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հայտարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններից դուրս գալու մասին: Համանախագահները, մասնավորապես, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարո՞ղ են քայլեր ձեռնարկել Ադրբեջանին զսպելու համար: Արցախի անկախության ճանաչումը կարո՞ղ է այդ քայլերից մեկը լինել:

Ամենաընթերցվածը