Միլլերը եկել է ամերիկյան 8 միլիարդի հետեւից

    • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 19:31
Հայաստան հյուր է եկել Գազպրոմի նախագահ Միլլերը, թեեւ իհարկե հարաբերական է՝ նա հյուր, թե տուն է եկել, հաշվի առնելով Գազպրոմի հայտնի պայմանագիրը: Ինչու՞ է Միլլերը եկել Հայաստան: Նա հանդիպել է իր Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել են Գազպրոմի գործունեության հարցեր, ընդ որում թե գազամատակարարման, թե սոցիալական պատասխանատվության վերաբերյալ: Սերժ Սարգսյանն օրինակ հայտարարել է, որ Գազպրոմը մեծ դեր ունի հայ-ռուսական հարաբերության դինամիկ զարգացման գործում:

Գազպրոմի դերն իհարկե մեծ է: Նույնիսկ Ռուսաստանում է Գազպրոմի դերն ավելի, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ Ռուսաստանը Գազպրոմը հռչակել է սպառնալիք: Մի քանի շաբաթ առաջ Պուտինը ստորագրեց Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարությունը, որում նշվում է, որ կանաչ տեխնոլոգիաների զարգացումը եւ միջազգային էներգետիկ շուկայում կառուցվածքի փոփոխությունը դիտվում է Ռուսաստանի տնտեսական սպառնալիք:

Ռուսաստանի տնտեսությունը խոշոր հաշվով նավթն ու գազն է: Նավթն ու գազը համաշխարհային տնտեսության առանցքային շարժիչներից են, անգամ ներկայիս տեխնոլոգիական դարում: Այսպես ասած այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումը ընթանում է մեծ թափով, բայց դեռեւս հեռու է այն ծավալը, որը էապես կնվազեցնի գազի ու նավթի պահանջարկը:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ բավական շոշափելի տրանսֆորմացիաներ են կատարվում գազի այսպես ասած ավանդական եւ գնողունակ շուկաներում, օրինակ Եվրամիությունում, որը փնտրում է ռուսական գազի այլընտրանք եւ հեռու չէ կախվածությունը էապես հաղթահարելուց: Ռուսաստանը փորձեց շահավետ պայմանագիր կնքել Չինաստանի հետ, բայց Պեկինը չարդարացրեց հույսերը, եւ կարծես թե Սիբիրի ուժ նախագիծը մնում է թզթի վրա:

Ռուսաստանը վաղ թե ուշ կանգնելու է արդիականացման կենսական անհրաժեշտության առաջ, աղետից խուսափելու համար: Այստեղ Գազպրոմի համար տնտեսական խնդրից բացի կա քաղաքական նշանակության հարց: Գազպրոմը Ռուսաստանում լոկ գազային մենատեր հսկա չէ, այլ քաղաքական կարեւոր գործոն, որը տարիներ շարունակ գործնականում քաղաքականություն է թելադրել:

Վերջին շրջանում արդեն իսկ Գազպրոմի լուրջ մրցակից դարձավ Ռոսնեֆտը: Բայց, երկու նավթա-գազային հսկաների մրցակցությանը «խառնվելու» է Ռուսաստանի տնտեսական մարտահրավերը, որը իր հետքն է թողնելու քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակի վրա:

Գազպրոմն էլ, Ռոսնեֆտն էլ ստիպված են լինելու բացվել՝ կենսունակությունը պահելու համար, բացվել աշխարհին: Այլընտրանք չկա՝ կամ նրանք կբացվեն, կամ կմահանան: Դա տարիների, գուցե տասնամյակով չափվող հեռանկար է, բայց այն շատ արագ է մոտենալու եւ խորհել պահանջում է այժմ:

Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանում թե Գազպրոմը, թե Ռոսնեֆտը ընկալվում են պարզապես ռուսական նավթագազային վերակացու, որոնք Հայաստանի վրա ազդեցության հիմնական գործիքն են: Հայաստանն ինքնին նրանց համար ունի տնտեսական փոքր նշանակություն: Ավելորդ 3 միլիոնանոց շուկան իհարկե ոչ մեկին չի խանգարի, սակայն դրա լինել-չլինելը մեծ հաշվով ոչինչ է այն խնդիրների մոտ, որ տեսանելի ապագայում ունեն ռուսական այդ հսկաները, այդ թվում քաղաքական իմաստով:

Եթե նրանք տանուլ են տալիս խոշոր մրցակցությունը, Հայաստանում լինելը նրանց չի փրկի, եթե նույնիսկ կարողանան մնալ մինչեւ վերջ:

Փոխարենը Հայաստանը կարող է փրկել նրանց, կամ նրանք կարող են փրկվել Հայաստանի միջոցով: Դա թվում է աներեւակայելի: Բայց Հայաստանը կարող է լինել աշխարհի առաջ բացվելու խողովակ, հարթակ, այսպես ասած կոմպրոմիսային գոտի քաղաքակիրթ, զարգացող աշխարհի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլար ներդրումային հեռանկարի մասին: Հատկանշական է, որ Միլլերի այցը տեղի է ունենում այդ ֆոնին: Էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարը իհարկե նշանակում է այդ ոլորտում Գազպրոմի ազդեցության էական կամ գրեթե ամբողջական չեզոքացում: Այստեղ թվում է, որ Գազպրոմի խնդիրը պետք է լինի այդ հեռանկարի իրականացումն ամեն կերպ արգելակելը:

Բայց, դա երբ խնդիրը դիտարկում ենք զուտ Հայաստանի մասշտաբով, թեկուզ քաղաքական ազդեցության: Անվիճելի է, որ տեսանելի ապագայում գոյության խնդիր ունի Գազպրոմն ինքը՝ ինչպես ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարության մեջ է նշվում՝  այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումից եւ շուկայի կառուցվածքի փոփոխությունից բխող սպառնալիքի տեսքով:

Գազպրոմը, Ռուսաստանն անկարող է կասեցնել այդ սպառնալիքը: Հայաստանում կարող է, բայց փոքր գոտում այդ խնդիրը լուծելը չի ապահովագրելու «մահից»: Հետեւաբար խնդրի արժեքը մեծանում է: Ըստ այդմ, քիչ հավանական չէ, որ Գազպրոմը դիտարկի Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիական ներդրումների գործընկեր լինելու հեռանկարը, Հայաստանում իր ներկայության տրանսֆորմացիայի տեսքով, որը գործնականում կարող է դառնալ գազային այդ հսկայի ավելի խոշոր տրանսֆորմացիայի մեկնակետ: Բանն այն է, որ այդ տրանսֆորմացիան անհնար է լինելու առանց արեւմտյան տեխնոլոգիական օժանդակության, եւ Գազպրոմի համար անխուսափելի է լինելու փնտրել շփման եզրը կամ կետը:

Հայաստանը տեսականում կարող է դիտվել այդպիսին: Դրան թերեւս դեմ չի լինի նաեւ ամերիկյան կողմը, որը գուցե ծանոթ չէ հայտնի խորհրդային ֆիլմին, բայց կարող է առաջնորդվել դրա տրամաբանությամբ՝ ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի: 

Ամենաընթերցվածը